EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

06.02.2018

Փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահին անցյալ տարվա նոյեմբերին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, երախտագիտություն հայտնեց Դոմինիկ դը Բյումանին հայ-շվեյցարական կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած հետևողական ջանքերի համար: Նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարներ Արա Բաբլոյանը և Դոմինիկ դը Բյումանը ընտրվել են Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարանների նախագահներ։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում շվեյցարական խորհրդարանի պատվիրակության ջերմ ընդունելության համար` Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ սա արդեն իր հինգերորդ այցելությունն է Հայաստան, ու հաճելի է տեսնել բարեկամ երկրի առաջընթացը։ Նա հավելեց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն իր առաջին պաշտոնական այցելությունն է կատարում Հայաստան, վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունները խորացնելու և առավել ընդլայնելու հետաքրքրության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը և Դոմինիկ դը Բյուման գոհունակությամբ նշեցին, որ միջխորհրդարանական ձևաչափում երկու երկրների միջև հաստատվել է արդյունավետ փոխգործակցություն՝ կարևորելով երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում Դոմինիկ դը Բյուման հաջողություն մաղթեց գագաթաժողովի կազմակերպման և անցկացման հարցում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
 

Կից լուսանկարներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ամբողջ ալբոմ »