EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի և Ղրղզստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

09.01.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Էրլան Աբդիլդաևը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սկիզբ դրեց հայ-ղրղզական միջպետական հարաբերությունների զարգացմանը, որի հիմքում երկու երկրների բազմադարյա բարեկամական կապերն են:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշում է, որ վերջին շրջանում նկատվում է հայ-ղրղզական գործընկերության ակտիվացում՝ ուղղված փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, գիտության ու մշակույթի բնագավառներում փոխանակման ընդլայնմանը:

ՀՀ արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերն այսուհետ ևս կնպաստեն երկկողմ համագործակցության լայն շրջանակով փոխգործակցության զարգացմանն ու ներուժի բացահայտմանը:

Իր ուղերձում Ղրղզստանի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան դրական հունով՝ հիմնվելով փոխշահավետ համագործակցության և կառուցողական երկխոսության վրա՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Էրլան Աբդիլդաևը նաև համոզմունք է հայտնում, որ 25 տարիների ընթացքում հայ-ղրղզական հարաբերություններում կուտակված դրական փորձը կնպաստի քաղաքական երկխոսության հետագա խորացմանը և փոխշահավետ ծրագրերի գործնական իրականացմանը առևտրատնտեսական և այլ բնագավառներում:
 

Կից լուսանկարներ

Հայաստանի և Ղրղզստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Ամբողջ ալբոմ »