EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Լիբանանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

28.12.2017

Դեկտեմբերի 28-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-լիբանանական ավանդաբար ջերմ և բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Արտգործնախարարը նշեց, որ փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու բարեկամ ժողովուրդների միջև հաստատված կապերը նպաստում են միջպետական կապերի առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիբանանի դեսպանը նշեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորեցին լիբանանահայության դերակատարությունն ու բեղմնավոր գործունեությունը Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում՝ նշելով, որ այն հանդիսանում է երկու երկրներն իրար կապող յուրահատուկ կամուրջ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի` բարձրաստիճան այցերի կազմակերպման, միջազգային կառույցներում համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումներին: Երկուստեք ընդգծվեց Լիբանանում UNIFIL-ի կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կարևոր դերակատարությունը երկրում անվտանգության և կայունության ամրապնդման գործում:

Կից լուսանկարներ

Լիբանանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Ամբողջ ալբոմ »