EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզպետի հետ

09.11.2017

Նոյեմբերի 9-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզ, որտեղ հանդիպում ունեցավ մարզպետ Գերգանա Միկովայի հետ:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ մարզպետը նշեց, որ մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը:

Դեսպան Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց բուլղար ժողովրդին, ով դար առաջ հանգրվան տվեց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Դեսպանը նաև ընդգծեց մարզային իշխանությունների ցուցաբերած մեծ օգնությունը և օժանդակությունը հայ մշակույթն ու ավանդույթները պահպանելու գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա սոցիալ-տնտեսական ոլորտի և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի: Այս համատեքստում քննարկվեց Ստարա Զագորայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապեր հաստատելու հնարավորությունը: Կարևորվեց, մասնավորապես, մարզերի միջև մշակութային և կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Մարզպետ Միկովան երախտագիտությամբ ընդունեց ներկայացված առաջարկությունը և պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Նույն օրը երեկոյան դեսպան Սարգսյանը մասնակցեց «Էթնիկ Բուլղարիա» կազմակերպության կողմից նախաձեռնած` Բուլղարիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնագործ խմբերի «Տարբեր` բայց միասին» կարգախոսը կրող ավանդական փառատոնին, որտեղ հանդես եկան նաև Պլովդիվից ժամանած երգի և պարի հայկական համույթները:

Կից լուսանկարներ

Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզպետի հետ

Ամբողջ ալբոմ »