EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

ՀՀ անկախությանը 26-ամյակին և հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում Դամասկոսում

02.10.2017

Հոկտեմբերի 2-ին Դամասկոսի «Շամ Փելաս» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին և հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Բաաս կուսակցության ազգային ղեկավարության անդամներ, նախարարներ, Սիրիայի Ժողովրդական Ժողովի ղեկավարության ներկայացուցիչներ, պատգամավորներ, Սիրիայի այլ պաշտոնատար անձիք, Դամասկոսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, դամասկահայ համայնքի ականավոր գործիչներ և հոգևոր առաջնորդներ, լրագրողներ, մտավորականներ, մշակութային և կրոնական գործիչներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն անդրադարձավ ՀՀ անկախության տարիների ձեռքներումներին, ներքին և արտաքին քաղաքականությանն, ինչպես նաև երկու բարեկամ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատմական նշանակությանը՝ ընդգծելով որ Դամասկոսում 1992թ. մարտի 6-ին ստորագրված ՀՀ և ՍԱՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագիրը ճանապարհ հարթեց միջպետական համագործակցության կառուցման համար:

Դեսպան  Փոլադյանն առանձնահատուկ կարևորեց երկու երկրների ղեկավարների փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Խոսելով Սիրիայում ընթացող ճգնաժամի մասին՝ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը ճգնաժամի սկզբից ևեթ արտահայտել է իր խորին անհանգստությունը Սիրիայում ռազմաքաղաքական իրադրության սրման հետևանքով ստեղծված հումանիտար աղետալի վիճակի կապակցությամբ՝ հավելելով, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ անդրադարձավ Սիրիայում տիրող իրավիկակին:

Իր խոսքում Սիրիայի արտգործնախարարի տեղակալ, դոկտոր Այման Սուսանը մատնանշեց երկու երկրների ժողովուրդների միջև պատմական, քաղաքական և ընտանեկան կապերը՝ հավելելով, որ սիրիացի ժողովուրդը իր սիրտը բացեց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի առջև: Փոխարտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը սիրիական ճգնաժամի կապակցությամբ:

ՀՀ նախագահի, ՀՀ սփյուռքի նախարարության և Սիրիայում ՀՀ դեսպանության պարգևներ և շնորհակալագրեր հանձնվեցին սիրիացի մի շարք հասարակական-քաղաքական գործիչներին և դամասկոսահայ համայնքի ներկայացուցիչներին՝ հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ դեսպան Արշակ Փոլադյանի՝ հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ օրերս լույս տեսած՝ «Հայ-սիրիական հարաբերություններ՝ պատմական գործընկերություն» խորագրով գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը լայն արձագանք է ստացել սիրիական ԶԼՄ-ներում:

Կից լուսանկարներ

ՀՀ անկախությանը 26-ամյակին և հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում Դամասկոսում

ՀՀ անկախությանը 26-ամյակին և հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում Դամասկոսում

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »