EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Ապիտոնյանի այցը Շվեդիայի Վեստրա-Յոտալանդ նահանգ

02.10.2017

Հոկտեմբերի 1-2-ը Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն աշխատանքային այց կատարեց Վեստրա-Յոտալանդ նահանգ:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Վեստրա-Յոտալանդի նորանշանակ նահանգապետ Անդերս Դանիելսոնի և Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյոտեբորգի քաղաքային խորհրդի նախագահ Լենա Մալմի հետ։ Հանդիպումների ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություները։ Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խթանման հարցեր։

Դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպեց նաև Գյոտեբորգի հայ համայնքի անդամներին, նրանց ներկայացրեց Հայաստանում քաղաքական իրավիճակը և տնտեսական զարգացման հեռանկարները, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներում վերջին զարգացումները: Համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հայաստանի և Շվեդիայի միջև տնտեսական համագործակցության խթանման գործում նրանց ներգրավվածության ավելացման հնարավորությունը։

Հոկտեմբերի 1-ին այցի շրջանակներում դեսպան Ապիտոնյանը մասնակցեց Գյոտեբորգի գրքի ցուցահանդեսին, որն իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում։ Ցուցահանդեսի «Միջազգային հրապարակ» ծրագրում դեսպանը հանդես եկավ ելույթով՝ «Վիննետ Հայաստան» և «Վիննետ Շվեդիա» կազմակերպությունների կողմից կազմակերպված «Խրախուսելով գենդերային հավասարությունը հանուն կայուն զարգացման» խորագրով սեմինարին։

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում գենդերային հավասարության ոլորտում առկա մարտահրավերները, կառավարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։

Կից լուսանկարներ

Դեսպան Ապիտոնյանի այցը Շվեդիայի Վեստրա-Յոտալանդ նահանգ

Դեսպան Ապիտոնյանի այցը Շվեդիայի Վեստրա-Յոտալանդ նահանգ

 

Ամբողջ ալբոմ »