EnglishFrançaisРусский

Մամուլի ասուլիս

Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում հնչած հարցերին. մաս 1

30.06.2017

Վահե Էնֆիաջյան: Շնորհակալություն: Պարոն նախարար, առհասարակ մի քանի հարցեր կան, որ կցանկանայի պարզաբանում մտցնեիք և ավելի հստակ պատասխանեիք: Մենք ունենք 57 դիվանագիտական ներկայացուցչություն, անդամակցում ենք 96 միջազգային կառույցներում, և շուրջ 5 միլիոն դոլարի չափ, առհասարակ որպես այդպիսին, սպասարկման վճար ենք վճարում, որպեսզի կարողանանք մեր լիարժեք անդամակցություն ունենանք: Հատկապես հաշվի առնելով 2016թ ապրիլի դեպքերը` մենք գնահատական տալի՞ս ենք այն 57 պատասխանատուներին, թեկուզ և տեղեր ունենք, որտեղ մեկ կամ երկու ներկայացուցիչ ունենք, թե ինչքանով են արդյունավետ աշխատել, որքանով են կարողացել մեր հիմնահարցերը ներկայացնել օտար կազմակերպություններում կամ քաղաքակիրթ հասարակությանը: Ես կուզենայի, որպեսզի Դուք նաև ամփոփեիք` այս 57 դիվանագիտական ներկայացուցչություններն առանձին-առանձին ինչքանով եք արդյունավետ գնահատում: Երբևիցե մեր երկրում կլինի՞ այդպիսի մշակույթ, երբ վատ գործուներություն, անարդյունավետ աշխատանք իրականացնելու համար գործառույթներ իրականացվեն, որպեսզի տարբերվի, և ներքին աշխատանքի բովանդակությունն ավելի արդյունավետ դառնա:

Տեղեկատվական պայքարի առումով ևս մատնանշելով անցած տարվա դեպքերը` պետք է արձանագրեմ, որ միջոցները բավարար չէին: Անընդհատ այս համատեքստում բարձրաձայնվում է տվյալ հիմնահարցը, բայց տեսնում ենք, որ բազմաթիվ միջազգային տարբեր գործառույթների հետ կապված կամ առհասարակ պահպանման ծախսերի հետ կապված բավականին մեծ գումարներ է ծախսվում, այն ինչ նպատակի համար գումարներն անընդհատ չեն բավարարում:

Մի կարևորագույն հարց ևս. անցած տարվա ապրիլյան հայտնի դեպքերից հետո` ապրիլի 5-ին, Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն, որ վերջինս 1994 թվականի հրադադարի պայմանագրի վրա պետք է հղում անի: Ինչն է պատճառը և ինչպես հասկանանք, որ ամեն օր սահմանին լարված է մնում վիճակը և գրեթե ամեն օր ունենք զոհեր կամ վիրավորներ:

Էդվարդ Նալբանդյան. Դուք ասացիք, որ մենք ունենք դիվանագիտական 57 ներկայացուցչություն և նաև անդամակցում ենք 96 կառույցների։ Ձեզ կխնդրեի ծանոթանալ նաև, թե մեր հարևան երկրները քանի կազմակերպության են անդամակցում և քանի դեսպանություն ունեն արտերկրում: Խնդրում եմ, ստուգեք և համեմատեք: Ես երբևէ չեմ ասում, որ բավարար չեն գումարները, ասում եմ` եթե առավել հնարավորություն ունենայինք, շատ ավելի լավ կլիներ: Բայց այն գումարները, որ հատկացվում են ԱԳՆ-ին, այդ գումարների սահմաններում փորձում ենք լուծել այն խնդիրները, որոնք մեզ վրա են դրված: Ինչպես ներկայացրեցի, 1+1 է դեսպանությունների աշխատակիցների թիվը: Համեմատեք հարևան երկրների դեսպանությունների աշխատակիցների թվի հետ: Դեսպանությունների արդյունավետության մասով, այո, մեր կարծիքով դրանք բավականին արդյունավետ են գործում: Լինում են նաև թերություններ։ Արտաքին գործերի նախարարությունն իր գնահատականները ներկայացնում է բարձրագույն ղեկավարությանը, և բարձրագույն ղեկավարությունը, եթե անհրաժեշտ է համարում, համապատասխան որոշումներ է կայացնում: Դեսպանները ներկայացնում են պետությունը, պետության ղեկավարին, և համապատասխանաբար պետության ղեկավարն է գնահատական տալիս այդ աշխատանքին:

Ինչո՞ւ յուրաքանչյուր դեսպանության վերաբերյալ հրապարակայնորեն չենք արտահայտվում՝ ինչպես են գործում, ինչպես չեն գործում։ Միջազգային փորձից ելնելով` ասեմ Ձեզ, որ որևէ երկրում այդպիսի բան չի արվում։ Որովհետև, թերությունների առկայության դեպքում, եթե դրանք դարձնենք հանրային քննարկումների առարկա, մենք կվտանգենք մեր դիվանագետների աշխատանքն արտերկրում: Համապատասխան կարգ գոյությունի ունի։ Դեսպանները հաշվետվություններ են ներկայացնում արտգործնախարարությանը։ Դեսպանների հաշվետվությունները քննարկվում են անգամ Հանրապետության Նախագահի մակարդակով։

Դուք գիտեք, որ վերջին շրջանում մի քանի այդպիսի հաշվետվություններ են եղել, որոնք լայնորեն լուսաբանվել են։ Ծանոթացեք այդ հաշվետվությունների մասին տեղեկատվությանը, Նախագահի կողմից տրված հանձնարարականերին։

Միանշանակ պնդել, թե ապրիլի դեպքերից հետո ինչն է լավ եղել կամ վատ. դուք կարծում եք` օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունները և ընդունված հայտարարությունները լրիվ համահունչ էին նրան, ինչ Հանրապետության Նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ։

Վիեննայից և Պետերբուրգից առաջ մենք ի՞նչ էինք ասում. ասում էինք, որ հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնք կնքվել են Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև, պետք է անխտիր իրականացվեն։ Ի՞նչ ասացին եռանախագահող երկրները ոչ միայն Վիեննայում և Սանկտ Պետերբուգում, այլ նաև` դրանից հետո։ Հենց նույնը։

Ասում են, թե հասցեական չեն համանախագահ երկրների հայտարարությունները։ Բա ո՞ւմ էին ուղղված դրանք։ Մենք էինք ասում, այլ ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունն է ասում, որ պետք է այդ անժամկետ եռակողմ հրադադարի համաձայնագրերն ամբողջովին կատարվեն: Դա Հայաստանն է ասում, դա Արցախն է ասում, և եռանախահագներն են ասում:

Երբ Վիեննայում, Սանկտ Պետերբուգում հայտարարվեց, որ պետք է ստեղծվի զինադադարի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմ։ Դա նաև այն էր, ինչ Հայաստանն է ասում, Արցախն է ասում, եռանախահագող երկրներն են ասում: Եվ ոչ միայն համանախագահների կողմից. դա ասվում է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և այլ կառույցների կողմից: Դուք կարծում եք` օդի՞ց են արվում այդ հայտարարությունները։ Դա համապատասխան աշխատանքի արդյունք է:

Երբ Դուք ասում եք, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները, այս է անում, այն է անում: Առաջին հերթին Ադրբեջանը պատասխանատու է միջազգային հանրության առջև:

Հասկանում եք, երբ միջազգային հանրությունն այդ մակարդակով, ԵԱՀԿ-ի մակարդակով, որի որոշումները կոնսեսուսով են կայացվում, այսինքն` բոլոր երկրները պետք է համաձայնություն տան դրան... նույն միջադեպերի մեխանիզմի ստեղծման վերաբերյալ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դրա վերաբերյալ համաձայնություններից հետո ԵԱՀԿ ֆինանսական հանձնաժողովում մի քանի նիստ կայացավ, որոնց ընթացքում բոլոր երկրները համաձայնություն տվեցին մեխանիզմի ֆինանսավորմանը, բացի Ադրբեջանից, որը հայտնվեց մեկուսացման մեջ։ Դա կարծում եք`օդի՞ց է լինում:

Ես բազմիցս ասել եմ, որ դիվանագիտական աշխատանքը դոշին խփելով կամ ամպագորգոռ հայտարարություններով չեն անում։ Պետք է հանդարտ, հավասարակշիռ կերպով քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից, և որպեսզի մեր մոտեցումներին համահունչ համապատասխան որոշումներ կայացվեն։

Դա վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընացի վերջին տարիների զարգացումներին։ Կա եռանախագահող երկրների նախագահների մակարդակով արված 5 հայտարարություն: Մենք ասում ենք, այո, պատրաստ ենք դրա հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ դեպի կարգավորում: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Բաքուն չի ցանկանում անգամ հիշատակել, որ այդ 5 հայտարարությունները գոյություն ունեն: Դուք կարծում եք համանախագահ երկրների կողմից, որոնք օժտված են միջնորդության միջազգային մանդատով, որը տրվել է ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների կողմից, հինգ հայտարարություններ պատահաբա՞ր են արվում։ Այդ հայտարարությունները անտեսում է Ադրբեջանը, չի ուզում որևէ հղում կատարել այդ հայտարարություններին, անտեսում է նաև նախարարների մակարդակով, եռանախագահող դեսպանների կողմից արված հայտարարությունները: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրեն փակուղու մեջ է մտցրել։

Մեր հետևողական արտաքին քաղաքականության և դիվանագիտության ջանքերի շնորհիվ Ադրբեջանը, չնայած իր նավթադոլարներին, մեկուսացման մեջ է հայտնվել։

Վահե Էնֆիաջյան. Պարոն Նալբանդյան, Դուք, ըստ էության, բարձր եք գնահատում այսօր դիվանագիտական ոլորտում մեր դիվանագետների գործունեությունը: Ինչն է պատճառը, որ, այնուամենայնիվ, ունենք այն, ինչ որ ունենք: Ես շատ լավ գիտակցում եմ, որ շատ հիմնահարցեր կան, որ հնարավոր չի հրապարակավ ներկայացնել, բացատրել, բայց Ձեր խոսքից, Ձեր մեկնաբանածից մեր իրականությունը ոչ մի բանով չի փոխվում: Հասկանում եք, ի՞նչ ձևով մենք պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմը մենք պետք է պահպանենք, ամենաբարձր ատյաններով դրա մասին խոսում ենք և ներկայացնում ենք, բայց, այնուամենայնիվ, իրականության մեջ ոչ մի բան չի փոխվում: Մեր սահմանների բացման հետ կապված և մեր նոր գործառույթները իրականացնելու, տարածաշրջանում մեր դերակատարումը մեծացնելու հետ կապված 2016 թվականի ժամանակահատվածում առանցքային մեկ-երկու ի՞նչ դեպքի մասին կարող եք խոսել: Պարոն Նալբանդյան, ես շատ լավ հասկանում եմ` Դուք բարձր ռանգի դիվանագետ եք և յուրաքանչյուր հարցի հետ կապված էլ կարող եք պատասխան տալ, բայց մեր իրականությունը դրանից պետք է փոփոխություն կրի, շոշափելի փոփոխություն. մարդիկ պետք է զգան դա իրենց վրա, այդպես չէ՞:

Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ, ես գնահատական չեմ տալիս մեր դիվանագիտությանը կամ արտաքին քաղաքականության ոլորտում ԱԳՆ կողմից արված աշխատանքին: Այդպիսի գնահատական կարող է տալ միայն բարձրագույն ղեկավարությունը` Հանրապետության Նախագահը:

Ինչ վերաբերում է Ձեր կողմից բարձրացված հարցերին։ Իհարկե, կարելի է փիլիսոփայել. այս ինչո՞ւ չի արվում, այն ինչո՞ւ չի արվում։ Ինչպես ժամանակին ասվում էր Թուրքիայի առնչությամբ. Թուրքիայի հետ ոչ թե դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատել, այլ ստիպել, որ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և սահմանները բացի։ Ասողներին խորհուրդ կտայի՝ գնացեք, ստիպեք։

Ինչպես Թուրքիայի հետ կապված, այնպես էլ` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր է, որ միջազգային հանրությունը ըմբռնումով մոտենա դրանց և աջակցի այդ ջանքերին։ Իսկ դա այսօր իրողություն է, ինչի վերաբերյալ հստակ ապացույցներ ներկայացրեցի։

Սահմանի բացման իմաստով, նաև այստեղ` Ազգային ժողովում, տարբեր կարծիքներ էին հնչում, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր գնում։ Ոմանք ասում էին, որ մեզ պետք չէ սահմանների բացում, մյուսներն էլ ասում էին՝ Թուրքիայի հետ ընդհանրապես պետք չէ բանակցել:

Միայն երկխոսության, բանակցությունների միջոցով են հարցերը լուծվում: Եթե դիվանագետները որոշեն չբանակցել, դռներ փակեն, կդադարեն դիվանագետ լինել։ Դիվանագետները պետք է լավատես լինեն, այլ ոչ թե հոռետես՝ ասելով` վայ էս ինչ է, վատ է ամեն ինչ, Կիկոսի մահը պատմեն։

Մենք ոտք ենք մեկնում, ձեռք ենք մեկնում մեր հնարավորություններին համապատասխան, և որոշակի արդյունքների ենք հասնում: Ամպագոռգոռ հայտարություններով, անիրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի։ Մենք շարունակելու ենք մեր հավասարակշիռ, միջազգային հանրության կողմից ընկալելի քաղաքականությունը, որը բացի մեկ-երկու երկրներից՝ Ադրբեջանից և Թուրքիայից, գնահատվում է ըստ արժանվույն։

Մանե Թանդիլյան. Իմ հարցը վերաբերում է կատարողականի ցուցանիշներին: Թեպետ պարզաբանեցիք, որ չի դադարեցվել անդամակցությունը, որը պատասխանեց հարցի մի մասին, բայց միևնույն ժամանակ մենք ունենք 89% կատարողական և որոշ գումարներ էլ հետ ենք վերադարձրել: Արդյո՞ք դա նշանակում է, որ կարող էինք մարել որոշակի պարտավորություններ, բայց չենք կատարել: Ինձ նաև հետաքրքրում է, որ նշեցիք, որ կա պարտավորությունների վճարման ժամանակացույց. վերջինը ե՞րբ է նախատեսվում, ի՞նչ ժամանակացույց է դա:

Եվ երկրորդ հարցը. այստեղ նշված է սոցիալական պաշտպանության ոլորտի ցուցանիշի 65% կատարողական, կարո՞ղ եք բացատրել։

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին անդամավճարի պարտքի մարմանը, ես արդեն ասացի, որ գրաֆիկ է կազմվել, և որպեսզի ծանրություն չլինի մեր բյուջեի վրա, համապատասխան գումարների ամենամյա մարումները բավական փոքր են նախատեսվել:

Օրինակ՝ ինչ վերաբերում է UNIDO-ին, հենց 50 000 ԱՄՆ դոլարի մասին է խոսքը, որ տարեկան վճարվում է։ Մինչև 2025թ. պարտքը պետք է մարվի:

Ասում եք, որ կատարողականը եղել է մի փոքր քիչ, քան 100%: Դա հենց այն արդյունքն է, որ ես Ձեզ ասացի։ Եթե անդամավճարները պակասում են, մենք խնայված գումարը փոխանցում ենք բյուջե։ Մենք փորձեցինք նաև վճարել այդ խնայված գումարից համապատասպան պարտքը, բայց քանի որ արդեն պայմանագիր էր կնքված միջազգային կառույցի հետ, իրենք այդ պայմանագրի հիման վրա են գործում: Այսինքն, կարող են ընդունել միայն պայմանավորված տրանշերով։ Օրինակ՝ UNIDO-ի հետ` մոտ 50 000 ԱՄՆ դոլարի չափով, այլ ոչ ավել: Եվ դա է պատճառը, որ մենք այդ խնայված գումարը հետ վերադարձրեցինք բյուջե:

Պարոն Ջանջուղազյանին հարց տրվեց, թե ինչու 10 անգամ ավելացավ բյուջեն։ Ոչ տասը անգամ, ոչ երկու անգամ. նշանակալի տոկոսով չի ավելացել բյուջեն։ Եթե փոփոխություն է եղել, այդ փոփոխությունը եղել է այն պատճառով, որ դոլարային փոխարժեքի տատանումներ են տեղի ունեցել: Իսկ բյուջեի դոլարային, եվրոյի մասով որևէ բան չի ավելացել ոչ դիվանագիտական ներկայացուցչություններին հատկացվող բյուջեով, ոչ էլ մեր միջազգային կազմակերպությունների անդամավճարների մասով: Ընդհակառակը, պակասել է:

Սա են մեր հնարավորությունները, և այդ հնարավորությունների սահմաններում մենք շարունակում ենք գործել: 2017 թվականին էլ է նույնը մնացել։ Եթե ավելացում է լինում, շատ չնչին գումարներ են ավելանում։ Եթե որոշում է ընդունվում ինչ-որ նոր դիվանագիտական կետ բացել, մենք փորձում ենք այդ դիվանագիտական կետի բացման ծախսերի մոտ 90 տոկոսը լուծել ոչ բյուջեից։ Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթին, ֆինանսների նախարարի առաջին տեղակալը կպատասխանի այդ հարցին։

Մանե Թանդիլյան. Ինձ հետաքրքրում է նաև այդ չվճարված անդամավճարի վրա որևէ ֆինանսական տույժ եկե՞լ է, թե՞ ոչ. Դուք նշեցիք, որ ձայնի իրավունքից չենք զրկվելու, որը շատ լավ է:

Էդվարդ Նալբանդյան. Ոչ, բանակցվել է հենց այն ձևով, որ տույժեր չլինեն։ Արդյունքում հասել ենք նրան, ինչպես ասացի, 9 տարի առաջ մենք ունեինք 9մլն 200 հազար, այսօր ունենք միայն 1մլն 800 հազար պարտք՝ 96 միջազգային կազմակերպություններից միայն երեքին: Համեմատություն և համապատասխան դատողություններ արեք:

Շիրակ Թորոսյան. Պարո՛ն նախարար, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր մանրակրկիտ և հանգամանալից պատասխանների համար: Հարցս հարց է, առաջարկ, մտորում. Կառավարության երեկվա նիստում Հանրապետության Նախագահն իր առաջադրած ցուցումներում, դիրեկտիվներում նաև մատնանշեց արտաքին քաղաքականությունը և ներկա իրադրությունում անբարյացակամ հարևանների առկայության փաստով պայմանավորված քաղաքականության վերաիմաստավարումը և ակտիվացումը: Ես կարծում եմ որ այս համատեքստում, նախևառաջ, պետք է առաջնահերթությունների թվում առանձնացնենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները և նորովի կառուցենք դրանք:

Իհարկե, այսօր մենք տեսնում ենք, որ ակնհայտ փոփոխություն կա այսօրվա և նախկին քաղաքականության միջև: Ես Ձեզ միշտ ասել եմ, միգուցե Դուք նախկինում այդքան էլ լավ չէիք ընդունում իմ տեսակետը, բայց ես գտնում եմ, որ նախկինում հայ-վրացական հարաբերությունները լոզունգային, դեկլարատիվ բնույթ էին կրում, և բովանդակային իմաստ մենք նոր-նոր ենք տեսնում: Իհարկե, դա պայմանավորված էր նախկինում նաև այլ գործոններով, մասնավորապես, Վրաստանի նախկին ղեկավարության դիրքորոշումներով և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ առավել սերտ համագործակցության փաստով, բայց այսօր արդեն կամաց-կամաց իրավիճակը փոխվում է: Կարծում եմ, որ մենք իսկապես պետք է նորովի կառուցենք հարաբերություններ, որի հիմքում երկու կարևոր հանգամանք պետք է լինի. մեկը, Վրաստանի հայության և, մասնավորապես, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանությունն է, այսինքն՝ նաև այդ համատեքստում հայապահպանությունը, որը շատ կարևոր է մեզ համար: Մյուսը՝ հայ-վրացական տարածաշրջանային ընդհանրական շահերը՝ հատկապես ելնելով անբարյացակամ հարևանների ակտիվ գործունեությունից: Այս երկու գործոնները հաշվի առնելով՝ մենք նորովի պետք է կառուցենք այդ հարաբերությունները: Արդեն տեսանելի արդյունքներ կան:

Պարո՛ն նախարար, ի՞նչ քայլեր եք ցանկանում ձեռնարկել՝ այս իմ նախանշած հանգամանքների համատեքստում ավելի առարկայական հարաբերություններ կառուցելու, ինչպես նաև Վրաստանի հայությանը բյուջեով ցուցաբերվող աջակցությունն ավելի նպատակային և ավելի մեծածավալ դարձնելու համար: Այդ հնարավորությունները մենք այսօր ունենք, և դա նպաստելու է հայապահպանությանը, որն իսկապես բխում է ինչպես մեր, այնպես էլ Վրաստանի շահերից: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Պարո՛ն Թորոսյան, ավելի կարճ պատասխանեմ, քան Դուք հարցը տվեցիք: Նշեմ, որ Դուք ասացիք, որ փոփոխություններ կան, և որոշ արդյունքներ արդեն նկատելի են: Դա լավ է, որ նկատում եք։ Ընդհանարապես, երբ լինում են արդյունքներ, դրանք մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա քաղաքականության արդյունք չեն, այլ երկարատև աշխատանքների և ջանքերի արդյունք են։ Հայաստանի կողմից փոփոխություն չկա. Վրաստանը մեզ համար շատ կարևոր հարևան երկիր է, մենք կարևորում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ և անում հնարավորինը, որպեսզի հարաբերությունները խորանան, զարգանան, ընդլայնվեն:

Հայաստանի և Վրաստանի ղեկավարության բարձրագույն մակարդակով, արտգործնախարարների և այլ մակարդակներով մեր հանդիպումներում բազմիցս ասել ենք և հիմա էլ կրկնեմ, որ երկու երկրների միջև չկան խնդիրներ, այլ կան հարցեր, և բնական է, որ հարևան երկրների միջև այդ հարցերը բազմատեսակ են լինում: Այդ հարցերը մենք շատ կառուցողական հունով լուծում ենք: Մեր կողմից փոփոխություն չկա, շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ հարաբերություններն առավել ամրապնդվեն:

Ինչ վերաբերում է Ջավախքում հայկական կառույցներին հատկացումներին, դա ավելի Սփյուռքի նախարարությանն է վերաբերում։ Սփյուռքի նախարարն այստեղ է, իրեն կհարցնեք, թե արդյոք այդ հնարավորությունը կա ավելացնելու, թե ոչ: Եթե անգամ այդ հատկացումներն արվում են ԱԳՆ միջոցով, դա սփյուռքին, ոչ թե արտաքին քաղաքականությանն է վերաբերում։ Կարծում եմ՝ Սփյուռք-Հայաստան հարաբերություններն արտաքին քաղաքականության ոլորտի հարց չէ: Հենց այդ պատճառով էլ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, որովհետև արտաքին քաղաքականություն վարել մեր հայրենակիցների հետ, չեմ կարծում, որ կոռեկտ է, և մենք միասին պետք է փորձենք լուծել այն հարցերը, որոնք կանգնած են մեր ժողովրդի առջև: Այդ իսկ պատճառով նաև հավաքվում է ևս մեկ շատ կաևոր ֆորում` Հայաստան-Սփյուռք ֆորումը, որը սեպտեմբերին է կայանալու։

Շիրակ Թորոսյան. Պարո՛ն նախարար, պետք չէ արտաքին քաղաքականություն վարել մեր արտերկրի հայրենակիցների հետ, պետք է արտաքին քաղաքականություն վարել Վրաստանի հետ, որպեսզի մեր հայրենակիցներին հնարավոր աջակցությունն ավելի առարկայական լինի, որովհետև մենք ազատ չենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք. մենք պետք է աշխատենք այդ երկրների հետ, որպեսզի կարողանանք անել այն ինչ հնարավոր է: Այս տեսանկյունից մեծ անելիք կա հենց արտաքին քաղաքականության ոլորտում: Դա բոլորս էլ գիտենք, և կարծում եմ, որ այս առումով ակտիվացումն էական նպաստ կբերի մեր հայրենակիցների հայապահպանությանը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Պարո՛ն Թորոսյան, ես հենց դրա մասին էի ասում, որ չկան հարցեր, որոնք մենք չքննարկենք շատ կառուցողական մթնոլորտում. այդ հարցերը բազմազան են և բազմատեսակ, և իհարկե մենք քննարկում ենք բոլոր հարցերը և շատ կառուցողական ձևով: Դուք էլ ասացիք, որ արդյունքներ արդեն տեսնում եք: Իսկ այդ արդյունքների հիմքում ընկած է նաև այն, որ մենք կառուցողական ձևով քննարկում և լուծումների ենք հասնում մեր հարևան և բարեկամ երկրի ղեկավարության հետ: 

Կից լուսանկարներ

Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում հնչած հարցերին

Ամբողջ ալբոմ »