EnglishFrançaisРусский

Մամուլի ասուլիս

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին

07.06.2017

Հարգելի նախարար Ալֆանո, հարգելի գործընկեր,
Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին՝ հրավերի, ջերմ ընդունելության և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը հյուրընկալելու համար:

Այսօր իմ գործընկերոջ հետ բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, ինչպես նաև միջազգային ձևաչափերի շրջանակներում համագործակցության շուրջ: Չնայած վերջերս ակտիվացել են մեր պետությունների միջև բարձր մակարդակով փոխայցերը, մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ դեռևս առկա է մեծ ներուժ` քաղաքական մեր երկխոսության հետագա զարգացման համար: Այս նպատակով, իմ գործընկերոջ հետ միասին, մասնավորապես ընգծեցինք Հայաստանի արտաքին գործերի և Իտալիայի արտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու կարևորությունը:

Նախորդ տարի որպես արտաքին գործերի նախարար Նորին գերազանցություն պարոն Ջենտիլոնիի` Հայաստան կատարած այցի ընթացքում մենք միասին համաձայնության եկանք Հայաստան-Իտալիա միջկառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, և ուրախ ենք հանձնաժողովի առաջին նիստն անցկացնել այսօր Հռոմում: Մենք ակնկալում ենք այս ձևաչափով հաջորդ հանդիպումը, որն ուրախ կլինենք հյուրընկալել Հայաստանում, ամփոփել մեր քննարկումների արդյունքներն ու ձեռքբերումները: Ավելին, այս ասուլիսից հետո մենք պատրաստվում ենք անցկացնել հայ-իտալական գործարար համաժողով: Միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը և գործարար համաժողովը նոր հնարավորություններ կստեղծեն մեր տնտեսությունների համար, նոր ոլորտներ կբացահայտեն համագործակցության և ներդրումների համար:

Ի թիվս այլ ոլորտների, մենք անդրադարձանք նաև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություններին: Անցյալ տարի Նորին գերազանցություն Պաոլո Ջենտիլոնիի հետ մենք ստորագրեցինք համատեղ հայտարարություն՝ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ: Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև այսօր կստորագրվի մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության գործողությունների ծրագիր՝ նախատեսված 2017-2020 թվականների համար:

Մենք բարձր գնահատեցինք պաշտպանական ոլորտում մեր փոխգործակցությունը, մասնավորապես՝ Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում իտալական զորախմբի կազմում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությունը:

Քննարկումների ընթացքում մենք կարևորեցինք միջխորհրդարանական կապերի զարգացումը: Երեկ ես հնարավորություն ունեցա հանդիպել Իտալիայի խորհրդարանի մի շարք անդամների հետ: Մենք մտքեր փոխանակեցինք միջխորհրդարանական մակարդակում մեր համագործակցության նոր հնարավորությունների շուրջ:

Երկուստեք արժևորում ենք ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, և այս հարցը միջկառավարական հանձնաժողովի օրակարգում է:

Նախարար Ալֆանոյի հետ մենք անդրադարձանք Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությանը: Այս աշնանը մենք ակնկալում ենք ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է քաղաքական ակտիվ երկխոսության, բազմաթիվ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև աշխույժ առևտրի և տնտեսական կապերի շրջանակը:

Հաջորդ տարի ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մենք քննարկեցինք նրա առաջնահերթությունները, ամենակարևոր հարցերը, որոնք ձևավորում են ԵԱՀԿ օրակարգը, և այն մարտահրավերները, որոնց առերեսվում է կազմակերպությունը:

Մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր արևելքում, Սիրիայում ստեղծված իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների հոսքերի ու Պարսից ծոցի երկրներում վերջին զարգացումների վերաբերյալ:

Ես իմ գործընկերոջը ներկայացրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն միտված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերն ու վերջին զարգացումները:

Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և բարձր գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը:

Ես հրավիրեցի Իտալիայի արտաքին գործերի նախարարին այցելել Հայաստան:

Հարգելի Անջելինո, շնորհակալություն, և ակնկալում ենք հյուրընկալել Ձեզ Երևանում:

Կից լուսանկարներ

Statement of Edward Nalbandian, Foreign Minister of Armenia at the joint press conference with Angelino Alfano, Minister of Foreign Affairs of Italy

Ամբողջ ալբոմ »