EnglishFrançaisРусский

Մամուլի ասուլիս

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսին

30.05.2017

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ Երևանում ողջունել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:

Հայաստանի ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով, ԵԱՀԿ ծրագրերի իրագործումը Հայաստանում իրավամբ կարելի է օրինակելի համարել։

Գլխավոր քարտուղարի այցելությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը ստիպված է փակել մեր տարածաշրջանում իր վերջին գրասենյակը, քանի որ ԵԱՀԿ մասնակից պետություններից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը։ Բաքուն փորձում էր ներկայացնել սա Ադրբեջան-Հայաստան հարթության վրա, սակայն, իրականում, դա վերաբերում է ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին, մի գործողություն է, որն ուղղված է ԵԱՀԿ դեմ։

Կարծում եմ՝ թե ԵԱՀԿ նախագահությունը, թե մասնակից երկրները, թե քարտուղարությունը համապատասխան հետևություններ արել են Բաքվի այս ապակառուցողական քայլի վերաբերյալ, որը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ տեսլականին և նպատակներին։

Գրասենյակի մասով հավելեմ, որ ակնկալում ենք, որ դրա կողմից իրականացվող շատ ծրագրեր կշարունակվեն կյանքի կոչվել՝ այլ ձևաչափերով։

Պարոն Զանիերի հետ հանգամանալից քննարկում ունեցանք` առանձնազրույցի և դրան հաջորդած` պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպման ընթացքում:

Մտքեր փոխանակեցինք կազմակերպության օրակարգային հարցերի, բոլոր երեք հարթություններով գործունեության շուրջ, քննարկեցինք ավստրիական նախագահության առաջնահերթությունների իրագործման ընթացքը:

Անդրադարձանք նաև ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Արձանագրվեց, որ աննախադեպ մեծ քանակությամբ դիտորդներ էին հետևում ընտրություններին։ Արժեքավոր են միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, որոնց համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են մարդու հիմնարար իրավունքները, իսկ քվեարկության արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը:

Ես պարոն Զանիերին ներկայացրի ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Կարևորեցինք նախորդ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը, որոնց իրագործումը, ինչպես հայտնի է, Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել։

Մեր ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հրատապ այլ խնդիրներ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ գլխավոր քարտուղարի հետ իր վեցամյա առաքելության ընթացքում ձևավորվեցին աշխատանքային ամուր կապեր և անձնական ջերմ հարաբերություններ, որոնք մեծապես նպաստում են ԵԱՀԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությանը: Քանի որ, ամենայն հավանականությամբ, սա պարոն Զանիերի վերջին այցն է Հայաստան իր ներկա կարգավիճակով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Այժմ խոսքը փոխանցում եմ գլխավոր քարտուղարին։

Խնդրեմ, Լամբերտո:


Հարց. Պարոն նախարար, հարցս Ձեզ եմ ուղղում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջին անգամ վերջերս հասցեական հայտարարություն հնչեցրին՝ մատնացույց անելով Բաքվին՝ որպես զինադադարի խախտումները սկսող կողմ: Արդյոք սա կզսպի՞ Բաքվին:

Էդվարդ Նալբանդյան. Ճիշտ եք` սա առաջին անգամ էր, որ եռանախագահները մատնանշեցին, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը, առաջինն է կրակ բացել՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Ադրբեջանը դեմ է դուրս գալիս հետաքննության մեխանիզմի ստեղծմանը հենց այն պատճառով, որ հնարավորություն չտա եռանախագահներին համապատասխան մեխանիզմի միջոցով մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում: Իսկ դա ակնհայտ է անգամ առանց մեխանիզմի: Եվ դա ցույց տվեց, ապացուցեց եռանախագահող երկրների այս վերջին հայտարարությունը:

Բայց սա առաջին հասցեական հայտարարությունը չէր: Բազմիցս են եղել Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններ՝ որ պետք չէ սրել իրավիճակը, որ պետք է վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, որ պետք է զերծ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների քննադատությունից, հարգել նրանց մանդատը, որ պետք է զերծ մնալ հիմնախնդրի կարգավորումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերից, որ պետք է համաձայնել հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և այլն: Այս շարքը կարելի է շարունակել:

Անգամ եթե ոչ ուղղակի հայտարարություններ էին լինում, ակնհայտ երևում էր, թե ում են հասցեագրված: Օրինակ, երբ ասվում էր, որ կողմերը պետք է հարգեն 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը, պարզ էր, թե ում էր ուղղված, որովհետև հայկական կողմերը՝ թե Հայաստանը և թե Արցախը, միշտ կողմնակից են եղել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի հարգմանը և լիակատար իրականացմանը: Ադրբեջանն է բազմիցս հարցականի տակ դրել այդ համաձայնագրերի՝ ուժի մեջ լինելը: Եռանախագահող երկրները բազմիցս ոչ միայն հայտարարություններով, այլև պաշտոնական նամակներով վերահաստատել են, որ այս եռակողմ զինադադարի համաձայնագրերն անժամկետ են և պետք է անշեղ իրականացվեն և հարգվեն թե Արցախի, թե Ադրբեջանի և թե Հայաստանի կողմից: Բայց պարզ է, որ հենց Ադրբեջանին է սա ուղղված:

Իհարկե նման հայտարարություններ եղել են բազմիցս, բայց Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել, այլև անել լրիվ հակառակը: Միգուցե սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է արդեն ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը:

Հարց. Պարոն նախարար, առաջիկայում համանախագահները գալո՞ւ են Հայաստան, և տարածաշրջանային այց լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Էդվարդ Նալբանդյան. Ակնկալում ենք, որ մոտ տասը օրից եռանախագահները կլինեն Երևանում: Նրանք նաև ցանկություն են հայտնել գնալ Ստեփանակերտ: Արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունելու եռանախագահներին այդ ժամանակահատվածում, թե ոչ, չեմ կարող ասել:

Հարց. Հարցս պարոն նախարարին է ուղղված: Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի միայն տարածքային ամբողջականության շրջանակում: Ինչպե՞ս եք վերաբերում նման հայտարարություններին:

Էդվարդ Նալբանդյան. Վերաբերվում եմ նույն կերպ, ինչպես այդ հայտարարության մեջ հնչեցված այլ պնդումներին, թե իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որտեղ հարգվում են բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները, որ, իբր, հանդուրժողականության երկիր է, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար։ Այս բոլոր պնդումները անհեթեթություն են: Սա է մեր վերաբերմունքը:

Դուք լավ գիտեք, որ միջազգային հանրության կողմից` եռանախագահների միջոցով, բազմիցս հնչեցվել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որոնք կազմում են մեկ ամբողջություն՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ինչպես նաև այն տարրերի վրա, որոնք առաջարկվել էին եռանախագահող երկրների նախագահների հայտնի հինգ հայտարարություններում՝ որպես մեկ ամբողջություն:

Հարց. Պարոն նախարար, առաջիկայում նախատեսվա՞ծ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումը դեմ առ դեմ կամ միջնորդների ներգրավվածությամբ:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը միշտ կողմ է եղել, երբեք դեմ չի եղել թե նախագահների մակարդակով, թե նախարարների մակարդակով հանդիպումներին: Եթե հասունանա պահը, հասունանա այն իմաստով, որ նման կարգի հանդիպումները պետք է պատշաճ կերպով նախապատրաստվեն, հատկապես բարձր՝ նախագահների մակարդակով հանդիպումները, այդ ժամանակ հնարավոր կլինի այդպիսի հանդիպում անցկացնել:

Դրան են ուղղված նաև նախարարների մակարդակով հանդիպումները: Ինչպես նշեցի, առաջիկայում եռանախագահներն են գալու տարածաշրջան: Միգուցե նաև քննարկվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եթե այդպիսի առաջարկ լինի հետագա հանդիպումների վերաբերյալ: Կարծում եմ՝ դեռ խոսքը կարող է գնալ միայն նախարարների մակարդակով հանդիպման մասին, որպեսզի պատրաստվի, համապատասխան աշխատանք տարվի, որ հնարավոր լինի նաև նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել:

Կից լուսանկարներ

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը  հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Զանիերին

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը  հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Զանիերին

 

Ամբողջ ալբոմ »