EnglishFrançaisРусский

Մամուլի ասուլիս

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին - մաս 1

31.01.2017

Բարև​ ​ձեզ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Արտաքին գործերի նախարարությունում 2016 թվականի​ ​դիվանագիտական​ ​տարվա​ ​ամփոփմանը​ ​նվիրված​ ​ասուլիսին։

Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար մարտահրավերներով բավականին լի էր։ Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մեր կողմից ծավալուն քայլեր ձեռնարկվեցին Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու և եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու​ ​ուղղությամբ։

Շարունակվեցին ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների​ ​կանխարգելման​ ​ուղղություններով:

Կարևոր իրադարձություններից կառանձնացնեի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը և 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն​ ​անցկացնելու​ ​մասին​ ​որոշման​ ​ընդունումը։

2016 թվականին շարունակվեցին ջանքերն ուղղված ​Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը։ ​Հայ​-​ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացումը կարևոր տեղ զբաղեցրեց մեր օրակարգում: Հաջող ընթացք ունեցան ​Եվրոպական միության հետ հարաբերություների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների յոթ փուլերը: Ուշադրության կենտրոնում էր ​անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, համագործակցության առավել զարգացումը։ Շարունակվեցին ընդլայնվել ​եվրոպական պետությունների ​հետ Հայաստանի հարաբերությունները: Քայլեր ձեռնարկվեցին՝ ​ԱՊՀ մասնակից պետությունների հետ ավանդական կապերի զարգացման նպատակով: Հայաստանը գործնական ջանքեր գործադրեց ​ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Չինաստանի հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Աշխատանքներ տարվեցին ​արաբական պետությունների հետ համագործակցության խորացման համար: Հայաստանը ​շարունակեց քայլեր ձեռնարկել ​ամերիկյան աշխարհամասի պետությունների ​հետ հարաբերությունների ընդլայնման նպատակով, ​աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների​ ​ամրապնդման​ ​ուղղությամբ:

Շարունակվեց ներգրավվածությունը միջազգային կառույցներում և բազմակողմ ձևաչափերում: Հայաստանը ակտիվ գործունեություն ծավալեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Գործնական մասնակցություն ունեցավ ​Անկախ պետությունների համագործակցության կառույցներում ծավալվող գործընթացներին։ Հայաստանը շարունակեց խորացնել համագործակցությունը ​ՄԱԿ-ի​, ​ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բնակականոն ընթացք ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ​ ​գործընկերությունը:

Արտգործնախարարության գործունեության առանցքային ուղղություններից էր​ ​Հայաստանի​ ​արտաքին​ ​տնտեսական​ ​​հարաբերությունների​ ​զարգացումը​:

2016 թվականի կարևորագույն իրադարձություններից էր Հռոմի Պապի պատմական այցելությունը Հայաստան։ Նշեմ, որ նախորդ տարի պետությունների ղեկավարների, խորհրդարանների նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով կայացել​ ​է​ ​120-ից​ ​ավել​ ​փոխայցելություն։

Ինչպես տեսնում եք, 2016 թվականը բավականին ակտիվ տարի էր։ Կարծում եմ՝​ ​2017​ ​թվականը​ ​ոչ​ ​պակաս​ ​հագեցած​ ​է​ ​լինելու։

Այսօր առավոտյան «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում հրապարակվել է արտգործնախարարության 2016թ. գործունեության հաշվետվությունը: Այն նաև հասանելի է մեր կայքում. դուք հնարավորություն ունեք ավելի մանրամասն ծանոթանալու այդ ամփոփմանը։ Կսահմանափակվեմ այսքանով, որպեսզի ավելի շատ​ ​ժամանակ​ ​թողնենք​ ​հարցուպատասխանի​ ​համար։ Խնդրեմ:

Արմենիա ՀԸ. Պարոն նախարար, ապրիլից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում հանդիպումներ կայացան, և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք, հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել: Եվ այս վերջին օրերին, կարծես, այդ մասին աղմուկ էլ առանձնապես չկա: Ի՞նչ զարգացումներ կան: Ի՞նչ նորություն կա: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Զարգացումները հետևյալն են. Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս, փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Բաքուն հարցականի տակ դրեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց այդ պայմանավորվածությունները, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում։ Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների, կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղորդվում են եռանախագահները և Հայաստանը, որը ուղղված է համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղվի։ Այնպես որ սրանով ենք զբաղվում:

Արմենպրես լրատվական գործակալություն. Պարոն նախարար, դեկտեմբերի 29-ին Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ ձեզ, ի՞նչ նպատակներ են հետապնդում նման սադրանքները, ԱԳՆ կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, որ արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությունով հանդես եկավ այդ միջադեպից անմիջապես հետո. կարծում եմ՝ ծանոթ եք այդ հայտարարությանը։

Ոմանք հարց են տալիս, թե ինչու է դա արվել, և ով է հրաման տվել։ Ադրբեջանի ղեկավարությու՞նը, թե՞ տեղական ինչ-որ հրամանատարներ, թե՞ ինքնաբուխ է արվել ինչ-որ խելքը կորցրած դիվերսանտների կողմից։ Բոլոր տարբերակներն էլ շատ վատ են։

Ենթադրենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն է այդ հրամանը տվել։ Դա մեկնաբանությունից վեր է: Չնայած որևէ մեկը կասկած չունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն ընդունակ է այդպիսի հրամաններ տալու, որովհետև հենց Բաքուն է հրաժարվում լարվածության նվազեցումից և հրադադարի ռեժիմի ամրապնդումից:

Ենթադրենք՝ բացառություն էր այս անգամ, և Ադրբեջանի ղեկավարությունը չէր այս անգամ հրամանը տվել, այլ ինչ-որ տեղական հրամանատար: Դա ինչի՞ մասին է խոսում։ Այն մասին, որ ադրբեջանական բանակում, պարզապես, բեդլամ է։ Տեղական հրամանատարները թքած ունեն իրենց ղեկավարության վրա և կարող են այնպիսի գործողությունների գնալ՝ անկանխատեսելի հետևանքներով այնպիսի արկածախնդրության դիմել, որը կարող է ոչ միայն իրավիճակը սրել, այլև լուրջ բացասական զարգացումների բերել:

Ենթադրենք՝ այդ տարբերակն էլ չէ։ Ինչ-որ խելագարված անձինք, խելքը կորցրած դիվերսանտներ են դա արել: Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության գեբելսյան հռետորաբանությունը, պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ կարող են այսպիսի երևույթներ լինել՝ ամբոխային խելագարվածության դրսևորումներ։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող է լինել, որ հանրային կարծիքի հարցումները, որոնք վերջերս՝ հունվար ամսին, անցկացվել են հենց Ադրբեջանում, ասում են այն մասին, որ Ադրբեջանի հասարակության 92 տոկոսը արտահայտվում է ուժի գործադրման և ռազմական ճանապարհով հարցի լուծման օգտին։

Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը և, առաջին հերթին, եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, դեմ է գնում իրենց պահանջներին և կորցրել է իրականության զգացումը։

Հանրային ՀԸ. Պարոն նախարար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ միջնորդական առաքելության վրա։

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողներն արտահայտում են իրենց երկրների մոտեցումները, դիրքորոշումները և, կարծում եմ, անձերի փոփոխությունը էական, լուրջ ազդեցություն դժվար թե ունենա միջնորդական ջանքերի, կարգավորման գործընթացի վրա։

Արմինֆո. Պարոն նախարար, ինչպե՞ս կանդրադառնա Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Դուք նաև խոսեցիք, Ֆրանկոֆոնիայի համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին. դա ի՞նչ կտա Հայաստանին։ Եվ վերջին հարցը. ե՞րբ կավարտվեն Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները:

Էդվարդ Նալբանդյան. Առաջինի վերաբերյալ կարճ պատասխանեմ. կարևորն այն է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերն անխտիր միաձայն են և այլ կարծիք չունեն Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման, դատապարտման վերաբերյալ: Եվ, գիտեք, Ֆրանսիան այն երկիրն է, որը համապատասխան օրենքի ուժով ճանաչել է դա:

Երկրորդ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու հարցի վերաբերյալ նշեմ, որ, իհարկե, սա կարևոր որոշում էր, և այս որոշումը շատ բանի մասին է վկայում, որ Հայաստանն արժանացել է այս կազմակերպության, որը ներկայացնում է միջազգային հարթակում խոշորագույն կառույցներից մեկը՝ ութսունչորս անդամ, ասոցացված անդամ և դիտորդ երկիր և կառավարություն, հաջորդ տարի արդեն այդ կազմակերպության գագաթաժողովն անցկացվելու է Հայաստանում, դա, իհարկե, բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար:

Նախևառաջ, սա կարևոր միջազգային հարթակ է երկխոսության և հարաբերությունների զարգացման համար, հատկապես այն երկրների հետ, որտեղ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն չունի: Մեր հնարավորություններից ելնելով` մենք չենք կարող ամեն տեղ դեսպանություն ունենալ: Հատկապես, եթե աֆրիկյան մայրցամաքի մասին ենք խոսում, կազմակերպության գագաթաժողովները և արտգործնախարարների համաժողովները միշտ օգտագործվել են՝ ակտիվ շփումներ իրականացնելու բազմաթիվ երկրների հետ: Դա եղավ նաև վերջին գագաթաժողովի ընթացքում՝ Անտանանարիվոյում: Սա կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս նաև ներկայացնելու մեր մոտեցումները տարբեր տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև այն խնդիրների, որոնք մեզ համար հատուկ կարևորություն ունեն, ինչպիսին է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Գիտեք, վերջին՝ Անտանանարիվոյի, Դակարի գագաթաժողովներին և դրանցից առաջ մեր ջանքերի շնորհիվ համապատասխան ձևակերպումներ ներառվեցին եզրափակիչ փաստաթղթերում, որոնք արտացոլում էին Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Եվ այդ մոտեցումները, ըստ էության, աջակցություն ստացան կառույցի բոլոր անդամ երկրների կողմից: Սա բավականին կարևոր հանգամանք է:

Գիտեք, որ 2015 թվականին մեզ մոտ կայացավ Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովը, որի ընթացքում ընդունված բանաձևերի շարքում էր նաև Ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձևը: Հասկանում եք այս շրջանակներում ընդունվող փաստաթղթերի նշանակությունն ու կարևորությունը:

Անկախությունից հետո այս գագաթաժողովը ամենամեծ, լայնածավալ և ընդգրկուն համաժողովն է լինելու Հայաստանում՝ նախագահների, վարչապետերի մակարդակով, և ոչ միայն գագաթաժողով. դրանից առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին նախրոդելու է մշտական խորհրդի նիստը: Մոտ մեկ շաբաթ է տևելու։ Սա մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար: Մեծ ծավալի աշխատանք է պահանջում: Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահի որոշմամբ, հանձնարարությամբ ստեղծվել է նախապատրաստական աշխատանքային խումբ՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, որտեղ ընդգրկվել են բազմաթիվ նախարարությունների ղեկավարներ: Այդպիսով մեկնարկ տրվեց նախապատրաստական աշխատանքներին:

Երեք-չորս օր առաջ ես Փարիզում հանդիպեցի նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ: Մենք քննարկում ունեցանք ոչ միայն կազմակերպչական աշխատանքների մասին, այլև այս կարևորագույն միջազգային համաժողովի բովանդակային հագեցվածության մասին:

Երրորդ հարցի մասով. 2015 թվականի դեկտեմբերին Եվրոպական միության հետ մենք մեկնարկեցինք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, և մինչ այսօր կայացել է բանակցությունների ութ փուլ: Մինչև անցյալ տարվա դեկտեմբերի վերջը՝ բանակցությունների յոթ փուլ: Հաջորդ փուլը՝ իններորդը, նախատեսվում է փետրվար ամսին: Կարծում եմ՝ մենք մոտենում ենք արդեն եզրափակիչ փուլին, որովհետև գրեթե համաձայնեցված են համապատասխան դրույթների և գլուխների ճնշող մեծամասնությունը, որոնք ընդգրկված են այդ նոր համաձայնագրի մեջ՝ թե քաղաքական, թե տնտեսական մասերով: Մոտակա օրերին սպասվում է Եվրոպական միությունից պատվիրակության այց Հայաստան, որի մեջ ընդգրկված են նաև եվրոպական կողմի բանակցողները, և, կարծում եմ, մենք մոտ ապագայում հնարավորություն կունենանք եզրափակել այս բանակցային գործընթացը:

Հանրային ռադիո. Պարոն նախարար, որքանո՞վ է հավանական ղարաբաղյան խնդրով առաջիկա բանակցությունների կայացումը: Եթե կա ժամկետ, նշեք, խնդրում եմ: Եվ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը չի՞ կաշկանդում արդյոք Հայաստանին այլ տնտեսական միավորումների կամ երկրների հետ համագործակցության հարցում: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ բանակցությունների, ես կասեի՝ հանդիպման մասին. ավելի շուտ՝ այո, այդպիսի հանդիպում առաջարկվել է եռանախագահների կողմից՝ Մյունխենի անվտանգության համաժողովի նախաշեմին եռանախագահների հետ, և նաև եռանախագահներն առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:

Մենք, իհարկե, հայտնի է Ձեզ, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից. ես նկատի ունեմ ԱԳ նախարարների և այլ մակարդակով: Խոսքը չի գնում եռանախագահների մասին, պարզ է, որ եռանախագահները մշտապես այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են ունենում, բազմաթիվ տեղերում ենք մենք հանդիպում: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետև հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը, ո՞վ գիտի. ինչպես դա եղավ Համբուրգում, կամ Համբուրգից բազմաթիվ անգամներ առաջ:

Պայմանավորվում ենք մի բան, հետո վերջին րոպեին, իրենք ձևացնում են իբրև թե, ինչ-ինչ պատճառներ ի հայտ եկել, անգամ մեղադրում են, թե հայկական կողմն է հրաժարվում: Աբսուրդ է, իհարկե։ Համբուրգում ասացին, որ հանդիպում ընդհարապես չի կայացել, չնայած հանդիպում կայացել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ:

Ապա ասացին, որ այդ հանդիպումը եղել է ճաշի ընթացքում: Կարո՞ղ է մեկ սեղանի շուրջ ճաշել էինք, և իրար չէինք հանդիպել, չէինք տեսել: Միգուցե Մյունխենում նախարարների մակարդակով էլ հանդիպումը կայանա, եթե Ադրբեջանը չհրաժարվի:

ԵԱՏՄ վերաբերյալ. գիտեք, հոռետեսներ կային, որ պնդում էին, թե ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը որոշ խնդիրներ կստեղծի այլ ձևաչափերում և այլ երկրների հետ տնտեսական և այլ հարաբերություննների զարգացման իմաստով: Բայց մենք հայտարարարել էինք, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի նշանակում, որ նվազեցնելու ենք մեր ներգրավվածությունը կամ համագործակցությունը այլ կառույցների կամ երկրների հետ: Եվ փաստերը խոսում են հենց դրա մասին:

ԵԱՏՄ-ին անդամակցությունից անմիջապես հետո և դրան հետևած ժամանակահատվածում, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք կնքեցինք կարևորագույն՝ առևտրի և ներդրումների համապարփակ համաձայնագիրը, կամ հենց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո էր, որ ԱՄՆ-ն Հայաստանում կատարեց իր ամենամեծ ներդրումը:

Ինչպես ասացի, Եվրոպական միության հետ մենք սկսեցինք բանակցությունները, և միայն մենք չենք ասում, այլ նաև Բրյուսելից էլ են ասում, որ այդ բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում՝ նաև ոլորտային, տնտեսական ուղղություններով:

ԵԱՏՄ-ին անդամակցությունց հետո կայացավ Հայաստանի Նախագահի պետական այցելությունը Չինաստան, որի ընթացքում կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, համաձայնագրեր ստորագրվեցին, և Չինաստանի հետ հարաբերությունները նոր զարգացում ապրեցին:

Այնպես որ հոռետեսությունը արդարացված չէր։ Հայաստանը կողմնակից է հարաբերությունների, համագործակցության զարգացմանը բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են դրանում, և մենք շարունակելու ենք այդ ուղղութամբ մեր ջանքերը:

Aysor.am. Պարոն Նալբանդյան, ինձ հետաքրքիր է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցից ի՞նչ նորություններ կան, մանավանդ, որ վերջին օրերին մամուլի քարտուղարը հայտնել էր, որ արդեն հայտնի է` գլխավոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը:

Էդվարդ Նալբանդյան. Դա շատ վաղուց էր հայտնի, և դա ընդհանուր որոշում է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը: Այդ կապակցությամբ մի քանի օր առաջ նաև մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, որ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել գլխավոր քարտուղարի պաշտոն ստանձնելու վերաբերյալ, և այդ որոշման նախագիծը ուղարկվել է արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք անհատական կարգով հաստատեն այդ որոշումը, համաձայնություն տան: Դրանից հետո դա կներկայացվի ՀԱՊԿ հաջորդ գագաթաժողովին, որի անցկացման ժամկետները, հուսով եմ, որ շուտով կհստակեցվեն: Խոսվում էր ապրիլի մասին: Պետք է սպասել, որ ժամկետները հաստատվեն: Հուսով եմ, որ այդ գագաթաժողովի ժամանակ վերջնական լուծում կստանա այդ հարցը:

Արարատ ՀԸ. Պարոն նախարար, վերադառնալով նորից ղարաբաղյան հակամարտությանը. հատկապես ապրիլյան դեպքերից հետո համեմատություններ են տարվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նախկինում և ներկայումս բանակցային տարբերակների միջև: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ համեմատություններին, կա՞ դրանց անհրաժեշտությունը, իրո՞ք ճիշտ է արվում:

Էդվարդ Նալբանդյան. Ինչպես նկատել եք, ընդհանրապես փորձում եմ չարձագանքել այդ կարգի մեկնաբանություններին, հատկապես, երբ որ համեմատություններ են անում, ես կասեի՝ «պարան քաշելու» ինչ-որ փորձ է արվում:

Միայն ասեմ՝ ակնհայտ է, թե ով է հրաժարվել Կազանի փաստաթղթից, Կազանից առաջ՝ Սոչիի, Սոչիից առաջ՝ Մոսկվայի, Մոսկվայից առաջ՝ Աստրախանի, Աստրախանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգի, և այլն։ Այս շարքը կարելի է շարունակել: Կամ ո՞վ է «հուշտ լինում» եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով արված հայտնի կարևորագույն հինգ հայտարարություններից, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանը, որն անգամ ընդհանրապես չի ուզում հիշատակել դրանք։

Ո՞վ է խրտնում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մակարդակով Համբուրգում՝ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում արված վերջին հայտարարությունից՝ Ադրբեջանը:

Սա ես ասում եմ ոչ թե համեմատության համար, ես պարզապես փաստեր եմ բերում, որոնք հենց իրենք խոսուն են:

Բայց կարծում եմ՝ մեկ բան ակհնայտ է, որ ներքին ինչ-որ դրդապատճառներով Ղարաբաղի հիմնախնդրի շահարկումն ուղղակի վտանգավոր է և անընդունելի:

Հայկական երկրորդ հեռուստաալիք. Պարոն նախարար, կմանրամասնե՞ք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ծավալվող իրադարձությունները։ Տեղեկատվություն էր պտտվում, որ այս առնչությամբ Ձեզ Վիեննա են հրավիրել։ Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել։

Էդվարդ Նալբանդյան. Դուք մի քիչ մեղմ ասացիք, ադրբեջանցիներն ավելի կոպիտ են ասում: Ասում են՝ Հայաստանի արտգործնախարարին «вызвали на ковер»: Երևի այնքան են սովորել, որ իրենց «вызывают на ковер», որ կարծում են, թե մյուսներին էլ կարելի է, ինչպես ասում են, «своим аршином мерить»: Իրականում, այցելությունը Վիեննա մեր նախաձեռնությունն էր, և իմ առաջարկն էր հանդիպումներ ունենալ Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Կարծում եմ՝ այդ հանդիպումները բավականին կարևոր և կառուցողական հանդիպումներ էին, որոնք անցան փոխըմբռնման մթնոլորտում, իսկ արդյունքներն էլ ակնհայտ դարձան հենց նույն օրը, որովհետև կայացավ Մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում նախագահող երկիր Ավստրիան որոշ մանրամասներ ներկայացրեց այս ամբողջ զարգացումների վերաբերյալ։

Ասվեց, որ ադրբեջանական կողմը, չասվեց Ադրբեջանը, ասվեց՝ «մի երկիր», բայց բոլորի համար պարզ էր, թե ում մասին է խոսքը գնում։ Ինչպես ասում են՝ «на воре шапка горит»: Հատկապես որ Ադրբեջանի դեսպանն այնպես դրսևորեց իրեն, որ որևէ մեկը կասկած այլևս չունի, որ դա հենց Ադրբեջանի մասին է խոսքը։ Նա ասաց, որ Ադրբեջանը մտահոգություններ ունի, որ ԵԱՀԿ Երևանում գրասենյակը զբաղվում է գործունեությամբ, որը չի համապատասխանում իր մանդատին։ Պատրվակն այն էր, թե իբր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը իրականացնում է, այսպես կոչված, ականազերծման մի ծրագիր, որը հակասում է գրասենյակի մանդատին։ Իրականում ոչ թե ականազերծման ծրագրի մասին է խոսքը, այլ ականազերծման շուրջ իրազեկվածության բարձրացման կրթական մի փոքր ծրագրի։ ԵԱՀԿ-ի համար դա փոքր ծրագիր է, ընդամենը՝ տարեկան 25 հազար եվրո, 3-4 անձի վերապատրաստման համար։

ԵԱՀԿ-ն ստիպված էր տարածաշրջան ուղարկել մի առաքելություն, որը եկավ այստեղ, մանրակրկիտ ուսումնասիրեց այդ հարցը, վերադարձավ Վիեննա և զեկույց ներկայացրեց՝ եզրակացնելով, որ ադրեջանական պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ԵԱՀԿ գրասենյակը գործում է համապատասխան այն մանդատին, որը հաստատվել և տրվել է ԵԱՀԿ գրասենյակին։ Չնայած դրան՝ Ադրբեջանը շարունակում էր դեմ դուրս գալ: Ապա Ադրբեջանը գնաց ավելի հեռու։ Ասաց, որ այդ գրասենյակը պետք է չզբաղվի որևէ գործունեությամբ, որը վնաս է հասցնում Ադրբեջանի անվտանգությունը։ Այսինքն՝ 17 տարի է՝ այդ գրասենյակը գործել է, չի վտանգել, հիմա հանկարծ սկսեց վտանգել։

Ուզում եմ հստակություն մտցնել. խոսքը գնում է ոչ թե Հայաստանի գրասենյակի, այլ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի մասին: Փաստորեն, Ադրբեջանը, դուրս գալով ԵԱՀԿ գրասենյակի դեմ, դուրս է գալիս ԵԱՀԿ-ի դեմ: Քննադատելով այս գրասենյակի գործունեությունը, փաստորեն՝ մեղադրում է ԵԱՀԿ-ին, թե այն իբր սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը: Միաժամանակ, Ադրբեջանը պահանջում էր, որ ԵԱՀԿ գործող նախագահողը դրա մասին հայտարարություն անի։ Ի՞նչ եք կարծում, դա տրամաբանակա՞ն էր:

Ադրբեջանի պնդումները բացահայտ սուտ էին։ Ավստրիայի նախագահությունը Մշտական խորհրդում իր ուրբաթօրյա ելույթի ընթացքում հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի թե նախորդ, թե ներկա նախագահողները միանգամայն պաշտպանում են հիշատակված զեկույցի եզրահանգումները։ Կոչ արեց բոլոր երկրներին աջակցել գրասենյակի գործունեությանը: Եվ ասացին, որ այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է դեմ լինել, իսկ Դուք գիտեք, որ ԵԱՀԿ-ն այն կառույցներից է, որը գործում է կոնսենսուսի սկզբունքով, այսինքն՝ եթե անգամ մեկ երկիր դեմ է հանդես գալիս, որոշումն ընդունելն անհնար է դառնում: Եվ այդ պատճառով առաջարկվեց ձեռնպահ մնալ այդ ականազերծման ծրագրի իրագործումից։ Իհարկե, դա առաջարկվում էր ոչ թե Հայաստանին, այլ գրասենյակին, որովհետև, նորից եմ ասում, դա Հայաստանը չի անում, այլ՝ գրասենյակը: Այդ ծրագիրը մեր գաղափարը չէր, մեր առաջարկը չէր. իրենցից էր գալիս։ Տրամաբանորեն, ավստրիական նախագահությունն ակնկալում էր, որ Ադրբեջանն այդ պարագայում պատճառ չի ունենա ասելու, որ դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը: Մենք էլ համաձայնեցինք, ասացինք, որ, այո, թող ձեռնպահ մնան այդ ծրագրի իրականացումից։

Նախագահող երկիրը հատուկ հայտարարություն արեց՝ նշելով, որ բարձր են գնահատում Հայաստանի շատ կառուցողական մոտեցումն այս հարցում: Ադրբեջանի ներկայացուցիչն ընկավ բավական խայտառակ մեկուսացման մեջ, վայնասուն բարձրացրեց՝ ասելով, որ այդ գրասենյակը, այո, վտանգում է Ադրբեջանին՝ առանց գիտակցելու կամ գիտակցելով, որ իր մեղադրանքն ուղղված է հենց ԵԱՀԿ-ի դեմ։

Իմիջիայլոց, Դուք երևի գիտեք, որ Ադրբեջանը փակել է ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում։ Եվ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը միակն է տարածաշրջանում: Ադրբեջանի այս դժգոհությունների իրական պատճառն այն է, որ մեր երկրին միշտ օրինակ են բերում, որ Հայաստանը ընդունում է ԵԱՀԿ-ի միակ գրասենյակը, լավագույն ձևով համագործակցում է այդ գրասենյակի հետ բոլոր հարթություններով, այդ թվում՝ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ընտրությունների հետ կապված գործընթացները և այլն։

Իսկ ի՞նչ է իրավիճակը Ադրբեջանում. խայտառակություն։ Իրենք իրենց ափսեի մեջ չէին զգում, քանի որ իրենց համար ինչ որ Հայաստանին լավ է, մահ է Ադրբեջանին: Այսպիսի փորձերով հանդես եկան, բայց հայտնվեցին խայտառակ մեկուսացման մեջ:

Ի դեպ, նախագահող երկիրը հայտարարեց նաև, որ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել ականազերծման հիշատակված այդ ծրագրի իրականացմանը։ Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ բոլոր այն երկրները, որոնք կաջակցեն այդ ծրագրի իրականացմանը, դա ոչ բարեկամական քայլ կդիտարկվի իրենց կողմից:

Իմիջիայլոց, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Շվեյցարիան և Կանադան հայտարարեցին, որ աջակցում են ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը Երևանում, ինչպես նաև բարձր են գնահատում մեր կառուցողական դիրքորոշումը: ԵԱՀԿ գործող նախագահը նաև հատուկ նշեց, որ, երբ ասում էր, որ իրենք առաջարկում են ձեռնպահ մնալ այդ ծրագրից, միաժամանակ ընդգծում է, որ բոլոր այլ ծրագրերը պետք է շարունակեն իրականացվել։

Հիմա Ադրբեջանը, փաստորեն, դուրս է գալիս ոչ միայն այդ մեկ ծրագրի, այլ ամեն ինչի դեմ: Ադրբեջանը պատռեց իր դիմակը, չնայած դիմակ հագնելու կարիք էլ չկար։ Բոլորը հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում: Բաքուն մնաց լրիվ մեկուսացման մեջ նաև այս կառույցում։ Չնայած, եթե իրանց լսես, բոլորն իրենց աջակցում են, իրենց կողքին են:

 

Eurasia Daily. Պարոն նախարար, երկու հարց. ադրբեջանցի լրագրողի հարցին Լավրովի հայտնի պատասխանի վերաբերյալ շատ քննարկումներ են եղել: Կցանկանայի լսել Ձեր կարծիքը: Երկրորդ. խոսեցիք Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Քանի որ հարևան երկրի կողմից առկա է պայմանավորվածությունները չկատարելու «փայլուն փորձ», կցանկանայի իմանալ հայկական կողմի հնարավոր դիրքորոշումը, եթե այդ պայմանավորվածությունները վերջիվերջո տապալվեն և չկատարվեն, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքորոշումը. գնալու՞ է բանակցությունների, շարունակելու՞ է Ադրբեջանի հետ այս գործընթացը, թե՞ ոչ:

Էդվարդ Նալբանդյան. Կարծում եմ՝ Լավրովը հստակ հայտարարություն է արել, և որևէ բան ավելացնելու կարիք չկա:

Մի բան նշեմ. Բաքուն պնդում է, թե իբրև լրագրողը ինքնագործունեություն է արել։ Ադրբեջանի պարագայում սա կասկածելի է: Բայց հարցը նրանում է, որ մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախարարին տրված հարցի էությունը, փաստորեն, կրկնեց Ադրբեջանի դեսպանը Վիեննայում՝ Մշտական խորհրդում իր ելույթի ընթացքում:

Ինչպե՞ս հասկանանք սա: Լավ, լրագրողը ինքն էր արել, իսկ դեսպա՞նը: Դե դեսպանին էլ կասեն՝ ինքնագործունեությամբ է զբաղվել: Մենք սովորել ենք դրան։ Գիտեք, որ Ադրբեջանն իր դեսպանների միջոցով Վիեննայում, Նյու Յորքում, ՄԱԿ-ում և այլ կառույցներում փորձեր էր կատարում հարցականի տակ դնել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 1994-1995թթ. կնքված եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Եռանախագահները մի քանի անգամ ստիպված էին տեղը դնել Ադրբեջանին՝ ասելով՝ ոչ, այդ համաձայնագրերն անժամկետ են, ուժի մեջ են, և բոլորն անհապաղ պետք է կատարեն դրանք։ Ադրբեջանից ի՞նչ լսեցինք. այն, որ իրենց դեսպանները Վիեննայում և Նյու Յորքում ինքնագլուխ են գործել։

Չեմ պատկերացնում որևէ երկրի դեսպան, ով ինքնագլուխ այսպիսի նոտաներ է տարածում ինչ-որ կառույցներում: Հիմա էլ այդ լրագրողի վերաբերյալ են ասում։ Իրենք իրենց ստերի մեջ այնքան են խճճվել, իրենց հանրային կարծիքն այնքան են մոլորության մեջ գցել, որ հայտնվել են իսկապես բավական տխուր և միաժամանակ ծիծաղելի իրավիճակում։

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. գիտեք, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից: Քիչ առաջ ես մի շարք օրինակներ բերեցի այն բոլոր գագաթաժողովների, արտգործնախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումների, երբ պայմանավորվածություններ էին ձեռք բերվում, այնեւհետև Բաքուն հետքայլ էր անում, հրաժարվում էր:

Բանակցություններին այլընտրանք չկա։ Հայաստանը շարունակում է եռանախագահող երկրների հետ ջանքերը՝ ուղղված հանգուցալուծման այնպիսի տարբերակի ամրագրմանը, որը կապահովի Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը։ Սա է պատճառը, որ, իհարկե, պետք է շարունակել բանակցությունները։

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին - մաս 2

Կից լուսանկարներ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին

 

Ամբողջ ալբոմ »