EnglishFrançaisРусский

Հարցազրույցներ, հոդվածներ և մեկնաբանություններ

Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Regional Post» ամսագրին

21.03.2017

«Regional Post»-ի՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված հատուկ համար

Հարց. 25 տարի առաջ՝ մարտի 2-ին, Հայոց եռագույնը բարձրացվեց Միավորված ազգերի կենտրոնակայանի առջև: Ի՞նչ էր դա նշանակում նորանկախ պետության համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս տարիները` ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածության համատեքստում և որո՞նք են Հայաստան-ՄԱԿ համագործակցության առանցքային հանգրվանները։

Էդվարդ Նալբանդյան․ Քառորդ դար առաջ Հայաստանը ընդգրկվեց ինքնիշխան պետությունների ընտանիքում՝ դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ։ Բազմաթիվ սերունդների երազանքը դարձավ իրականություն, և Հայաստանը վերստին իր տեղը գրավեց աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս այս օրվան, և խիստ խորհրդանշական է, որ հենց այս օրն ընտրվեց՝ նշելու Հայաստանի դիվանագետների մասնագիտական տոնը։

Հայաստանը վերահաստատեց իր իրավունքը՝ լինելու հավասար՝ ինքնիշխան և միավորված ազգերի շարքում՝ ընթացող ղարաբաղյան համակարտության, ավերիչ երկրաշարժի հետևանքների ու տնտեսական շրջափակման ծայրահեղ դժվարին պայմաններում։ Հայաստանի ներգրավվածությունը ՄԱԿ-ի շրջանակներում սկսվեց հենց այս՝ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, սակայն դա երբեք չնվազեցրեց մեր վճռականությունն ու հանձնառությունը՝ կառուցելու պետություն և հասարակություն՝ լիովին հավատարիմ գլոբալ կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին։

Չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ ՄԱԿ-ի և նրա գործակալությունների շրջանակներում Հայաստանը ներգրավված է կազմակերպության աշխատանքների գրեթե բոլոր ուղղություններով` նրա գործունեության լայն ոլորտներում։ Իհարկե, մենք ունենք մեր առաջնայնությունները, որոնք նախ և առաջ վերաբերում են խաղաղության ու անվտանգության պահպանմանը։ Այս առումով միջազգային ջանքերը, որոնք ուղղված սատարելու, արդյունավետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման, ահաբեկչության, արմատականացման, ատելություն սերմանելու և այլատյացության դեմ պայքարի, հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության գաղափարների աջակցության գործընթացներին, ընկած են մեր գործունեության հիմքում։

Հայաստանն աջակցում է հակամարտությունների բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը` համաձայնեցված բանակցային ձևաչափերի շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի պարագայում միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշակել են հիմնախնդրի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներ, դրանցում շարքում հստակ ամրագրելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, որը, ըստ կանոնադրության, հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության նպատակներից մեկը։ Այդ սկզբունքի կարևորությունը հակամարտության կարգավորման ջանքերում վերջերս կրկին ընդգծվել էր Ժողովրդավարական և արդար միջազգային կարգի խթանման հարցերով ՄԱԿ-ի անկախ փորձագետի կողմից։ Նա արդարացիոնրեն նշել է, որ չափազանց շատ հակամարտություններ են ծագել ժողովուրդների՝ իրենց իրավունքներին հասնելու օրինական ձգտումները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը մերժելու պատճառով, և, հետևապես, այդ իրավունքի իրացումը անհրաժեշտ է խաղաղության պահպանման համար: Մեր համոզմունքն է, որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը պետք է աջակցություն ստանան միջազգային բոլոր դերակատարների կողմից, և այս առումով ՄԱԿ-ը կարևոր է:

Վերադառնալով ՄԱԿ-ի համակարգում Հայաստանի առաջնահերթություններին` ցանկանում եմ ընդգծել մեր հանձնառությունը ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին, ներառյալ՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի, ինչը եղել և շարունակում է մնալ մեր ներգրավվածության կենտրոնական հիմնասյուններից մեկը։ Ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության խթանումն ու պաշտպանությունը մեր գործունեության մեկ այլ ուղղություն է, որը մենք հետևողականորեն իրականացնում ենք ՄԱԿ-ի շրջանակներում։

2015թ․ ստորագրվեց Հայաստան-ՄԱԿ Զարգացման աջակցության շրջանակային փաստաթուղթը՝ ուրվագծելով փոխգործակցության հիմնական ուղղությունները հետևյալ չորս հիմնասյունների վրա. արդար, կայուն տնտեսական զարգացում, արդյունավետ կառավարում, սոցիալական ծառայություններ ու ներառում, շրջակա միջավայրի կայունություն և դիմադրողականության ձևավորում:

Հայաստանը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ։ Ավանդաբար մենք բավականին ակտիվ ենք Մարդու իրավունքների խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Որպես երկիր, որն ունի ատոմային էլեկտրակայան, մենք խստագույնս պահպանում ենք ԱԷՄԳ սկզբունքները, ինչը վերահաստատվել է գործակալության կողմից տեղում իրականացված բազմաթիվ ստուգումների և գնահատման առաքելությունների արդյունքում:

Հնարավոր չէ թվարկել, առավել ևս մանրամասն ներկայացնել ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի բազմաբովանդակ գործունեության ողջ ծավալը: Ես կցանկանայի նաև ընդգծել, որ սա գործողությունների պարզ թվարկում չէ՝ այս ամենի հետևում տքնաջան աշխատանք է, գործադրված ջանքեր ու անվերապահ նվիրվածություն, որը բնորոշում է Հայաստանի ներգրավվածության ողջ խորությունը և ծավալը։

Հարց. Հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը։ Վերջին տարիներին Հայաստանը նախաձեռնել է ու աջակցել ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելաման վերաբերյալմի շարք բանաձևեր։ Ինչո՞ւմ է այդ բանաձևերի կարևորությունը։

Էդվարդ Նալբանդյան․ Ցեղասպանությունը, համաձայն միջազգային իրավունքի, հանցագործություն է ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղ պայմաններում։ Մարդու իրավունքների խորհրդում ընդունված բանաձևերը հսկայական ազդեցություն ունեն միջազգային իրավունքի զարգացման վրա, հատկապես, եթե այդ բանաձևերն ընդունվում են կոնսենսուսով։

Հայաստանն ավանդաբար բանաձևեր է ներկայացրել, որոնք առնչվում են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ Առաջին նման բանաձևը Հայաստանը նախաձեռնել էր Մարդու իրավունքների հանձնաժողովում 1998թ․՝ հոնվենցիայի ընդունման 50-ամյակին։ 2008թ․-ից բանաձևերը ներկայացվել են Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում։ Բանաձևերը կենդանի փաստաթղթեր են՝ ուղղված արտացոլելու միջազգային ու մարդու իրավունքների օրենսդրության ոլորտում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր զարգացումները։ Դրանք նաև ընդգծում են ցեղասպանության կանխարգելման ոլորտում առկա արդի մարտահրավերները։

Այդ բանաձևերն ուղղված են՝ վերահաստատելու ազգային, ռասայական, էթնիկ ու կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը, մարդու իրավունքներին հավատարիմ մնալու նշանակությունը, ինչպես նաև ռասիզմի ու այլատյացության վերացման կարևորությունը։ Ավելին, նրանք ընդգծում են քրեական արդարադատության դերը և մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման հարցում հաշվետվողականությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1-ին նիստի բանաձևում նշվում է․ «Ցեղասպանության հանցագործության բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ռասայական, կրոնական, քաղաքական և այլ խմբեր ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացվել են»: Հայաստանի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված բանաձևերի նախաձեռնումը խորհրդանշական է, քանի որ կա ընդհանուր ընկալում այն փաստի, որ դրանք ներկայացվում են մի ժողովրդի կողմից, որն ինքն է անցել ցեղասպանության սարսափի միջով, տառապել է և վերապրել այն և այսօր իր վճռական աջակցությունն է բերում կանխարգելման միջազգային ջանքերին։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը բարոյական պարտականություն ունի՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կրկնման դեմ։ Հայաստանը վճռական է միջազգային բեմահարթակում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, անելու հնարավորինս, որպեսզի այլոք չանցնեն այն տառապանքի միջով, որով մենք ենք անցել, որպեսզի մարդկության դեմ ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն։

2015թ․-ին Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացված բանաձևը հատուկ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն առաջ էր քաշվել, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այն համահեղինակվեց 72 պետության կողմից և ընդունվեց կոնսենսուսով։ Բանաձևով ցեղասպանությունը դատապարտվում է որպես մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություն, և նշվում է դրա փոխկապակցվածությունն անպատժելիության և ժխտողականության հետ։

Այդ բանաձևի առաջարկությունների համաձայն՝ Հայաստանի կողմից նախաձեռնած մեկ այլ բանաձև ընդունվեց այս անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ հռչակելով դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրը, որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր։ Դեկտեմբերի 9-ի ամենամյա հիշատակումն ազդեցիկ ուղերձ է՝ նոր լիցք հաղորդելու քաղաքական, իրավական ու բարոյական պատասխանատվությանը՝ դիմակայելու և վերջ դնելու այս հանցագործության կրկնողությանը՝ կոչ անելով հետևողականորեն մշակել կանխարգելման ազգային ու միջազգային ամուր համակարգ։

ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնած բանաձևերի լայն միջազգային աջակցությունը նշանակում է, որ այդ խնդիրն ավելի քան արդիական է և հրատապ և որ կա ընկալում, որ միայն համատեղ ջանքերով «այլևս երբեք»-ը կդառնա ոչ թե պարզապես խոստում, այլ իրականություն:

Չափազանց ցավալի է, որ աշխարհն այսօր էլ երաշխավորված չէ մարդկության դեմ նոր հանցագործությունների վտանգից և կանխարգելման ջանքերը շարունակում են կարևոր տեղ զբաղեցնել միջազգային հանրության օրակարգում։ ԴԱԻՇ-ի կողմից մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները վերջին սահմռկեցուցիչ օրինակներն են, սակայն այդ ահաբեկիչների կողմից որդեգրած ոճը և մարտավարությունը կարող ենք տեսնել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում նույնպես։ Անցած տարի Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով։ ԴԱԻՇ-ի ոճով տանջամահ արված ու գլխատված՝ Արցախի քաղաքացիական անձանց ու զինծառայողների լուսանկարները տարածվել էին լրատվամիջոցներում հենց իրենց՝ ոճրագործների կողմից։

Հայաստանի նախաձեռնած բանաձևերում բարձրացված խնդիրները լայն կերպով արտացոլվեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների ընթացքում, որոնք երկու տարի անընդմեջ հյուրընկալում էր Հայաստանը։ Այդ միջոցառումներին մասնակցեցին քաղաքական, հասարակական, կրոնական, գիտական, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներ ավելի քան 50 երկրներից: Մենք մտադիր ենք պահպանել այդ հարթակները մարդկության դեմ հանցագործությունների տարբեր ասպեկտների շուրջ երկխոսության, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելման շարունակական ջանքերի համար:

Կասկած չկա, որ այս և այլ հետևողական ջանքերի և վճռականության շնորհիվ Հայաստանն այժմ համարվում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի ամենահավատարիմ աջակցողներից մեկը։

Հարց. Պարոն նախարար, փախստականների ճգնաժամը ու Մերձավոր Արևելքից միգրացիոն հոսքերն այսօր ամենահրատապ խնդիրներից են, որոնց առերեսվում է միջազգային հանրությունը: Այս հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անցյալ սեպտեմբերին հատուկ բարձրաստիճան համաժողով էր հրավիրել: Մենք գիտենք, որ Հայաստանը ոչ միայն զգալի թվով փախստականներ է ընդունում հիմնականում Սիրիայից ու Իրաքից, այլև ակտիվ է այդ խնդրի լուծման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերում: Կարո՞ղ եք, խնդրում եմ, ներկայացնել Հայաստանի գործունեությունն այս ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյան. Փախստականների ճգնաժամի շուրջ այսօր շատ հույզեր կան, հատկապես Եվրոպայում: Իմ ելույթներից մեկում ես մեջբերել էի Ֆրիտյոֆ Նանսենին, մեծն հումանիստի և փախստականների իրավունքների պաշտպանի, ով ասել էր, որ «փախստականներն, ովքեր որպես անտանելի բեռ են ընկալվում, կարևոր արժեք կդառնան»: Ես իրականում համոզված եմ դրանում:

Իսկապես, այն, ինչին աշխարհն առերեսվում է այսօր՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով մարդկանց մեծ տեղաշարժերի առումով, թերևս Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկն է: Սա սովորական իրադրություն չէ և, հետևաբար, դրա կարգավորման համար սովորական գործիքակազմը բավարար չէ, այլ փոխարենը պահանջվում են հատուկ ուշադրություն և բացառիկ ջանքեր: Այս առումով Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել փախստականների ճգնաժամի լուծման ուղղությամբ միջոցներ գտնելու և տուժածներին օգնելու միջազգային ջանքերում:

Գլխավոր քարտուղարի կողմից կազմակերպված ՄԱԿ-ի բարձրաստիճան համաժողովը, որը Դուք հիշատակեցիք, կարևոր միջոցառում էր այդ առումով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունմամբ նախանշվեցին այս հարցում միջազգային ջանքերի հիմնական ուղղությունները: Այդ բարձրաստիճան համաժողովին ես հանդես եկա ելույթով և նախագահեցի առաջին նիստը: Ցանկանում եմ նաև նշել, որ հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ անցկացվեց նույն խնդրին նվիրված մեկ այլ գագաթաժողով, և Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն էր, որը հրավիրված էր՝ մասնակցելու այդ միջոցառմանը: Ավելորդ է ասել, որ այս հրավերն առավելապես պայմանավորված էր փախստականների ճգնաժամի լուծմանն ուղղված միջազգային ջանքերին Հայաստանի ներդրումով:

Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: Բազմաթիվ առիթներով Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես տարածաշրջանի բնակչության համար, այնպես էլ անդին։ Պատերազմը Սիրիայում ավերիչ հետևանքներ ունեցավ նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք առերեսվում են գոյության սպառնալիքի՝ ահաբեկիչների և օտար վարձկանների կողմից ազգային հողի վրա իրականացվող հանցագործությունների պատճառով:

Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել Սիրիայի հայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Այս ամենը դառը հիշողություն է արթնացնում, որ հայորդիները կրկին հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը՝ այն երկրները, որտեղ նրանք ապաստանել էին գտել հարյուր տարի առաջ՝ Ցեղասպանությունից հետո: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդը Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում:

Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների խնդիրների լուծմանը, այնուամենայնիվ, որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ կառավարել նման խոշոր հոսքերը: Մենք վստահ ենք, որ խնդրի հետ կապված ողջ ծանրության և պատասխանատվության առավել հավասարաչափ բաշխումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար:

Ցանկանում եմ նաև հավելել, որ վերջին տարիների ընթացքում սա առաջին անգամը չէ, երբ Հայաստանի առջև ծառացել են զգալի թվով փախստականներ ընդունելու հետ կապված մարտահրավերները: 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին հայերը կամ սպանվել են, կամ արտաքսվել Ադրբեջանում իրենց բնակության վայրերից և ապաստան գտել Հայաստանում ու Արցախում: Այնպես որ, մենք լավ գիտենք թե ինչ է նշանակում լինել փախստական, ընդունել փախստականների և աշխատել նրանց խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել տեղահանությունների հիմնական դրդապատճառներին լուծումներ գտնելու կարևորությունը՝ հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման և տևական քաղաքական կարգավորման միջոցով: Բացի այդ, ընդգծեմ նաև աշխարհի բոլոր տարածաշրջաններում փախստականների և տեղահանված անձանց համար միջազգային մարդասիրական աջակցության հավասար, արագ և անխափան հասանելիության ապահովման կարևորությունը՝ անկախ նրանց ներկա քաղաքական կարգավիճակից:

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, փախստականների հետ կապված հարցերը միշտ եղել են աշխատանքային հանդիպումների ու միջազգային միջոցառումների իմ օրակարգում: 2015թ. մարտին Հայաստանը՝ Ռուսաստանի, Սուրբ Աթոռի ու Լիբանանի հետ միասին, Ժնևում նախաձեռնել էր նախարարական մակարդակով քննարկում՝ նվիրված Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնություններին: Մենք մասնակցել ենք Մերձավոր Արևելքի համայնքների հարցերով համաժողովներին Փարիզում, Նյու Յորքում և այլուր: Բոլորովին վերջերս ես քննարկել եմ այդ հարցը ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Նաև ցանկանում եմ հավելել, որ մենք երբեք չենք դադարեցրել մեր դիվանագիտական գործունեությունը տարածաշրջանում: Նույնիսկ ճգնաժամի ամենավտանգավոր փուլում ես գլխավորել եմ պատվիրակությունը, որը Դամասկոսում քննարկումներ է ունեցել ու առաջին ձեռքից տեղեկացել իրավիճակի մասին: Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է քաղաքում՝ պատերազմի սրտում:

Մենք հայորդիներ ունենք, ովքեր ապրում են Սիրիայում: Մենք ցանկանում ենք, որ ոչ միայն իրենք, այլև բոլոր սիրիացիները, ովքեր հարյուր տարի առաջ նրանց ապաստան են տրամադրել, զգան ոչ միայն խոսքերով, այլ նաև շոշափելի գործերով, որ մենք նրանց կողքին ենք: Հայաստանն այն երկրներից է, որ շարունակաբար հումանիտար օժանդակություն է տրամադրում պատերազմական իրավիճակում գտնվող երկրին: Միայն այս փետրվարին Հայաստանը հումանիտար օգնությամբ երկու ինքնաթիռ է ուղարկել Սիրիա:

Հարց. Պարոն նախարար, Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղության ու կայունության գործում չի սահմանափակվում այս կարևոր ջանքերով, այլ արտահայտվում է նաև երկրի՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցությամբ։ Դա մեկ այլ ոլորտ է, որտեղ Հայաստանը ակտիվ ներգրավված է հատկապես վերջին տարիներին։ Ինչի՞ մասին է սա խոսում։

Էդվարդ Նալբանդյան․ Խաղաղության ու անվտանգության պահպանումը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր նպատակներից մեկն է։ Հաշվի առնելով այն, որ բռնության ու ռազմական գործողությունների վտանգը շարունակվում է տարածվել աշխարհի տարբեր մասերում՝ չափազանց կարևոր է մեր համատեղ ջանքերն այս առումով ավելի արդյունավետ դարձնելը։ Հենց այսպիսի ընկալմամբ էլ Հայաստանը հպարտորեն մասնակցում է ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ այդպիսով անմիջականորեն նպաստելով միջազգային խաղաղության ու անվտանգության կառուցմանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականը վերջերս այս առումով նշել էր, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Իսկապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունն ընդհանուր ջանք է: Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան (UNIFIL), Մալի (MINUSMA):

2015թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի առաջնորդների՝ խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին: Նա նշել է, որ, չնայած Հայաստանի սահմաններին առկա լարվածությանը, մեր ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվել է թե աշխարհագրության, թե քանակական և թե որակական իմաստով:

Մենք հանձնառու ենք շարունակելու մեր աջակցությունը միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով ՄԱԿ-ի խաղաղապահության համակարգի բարելավմանը` հարմարվելու փոփոխվող միջազգային իրավիճակին ու առկա մարտահրավերներին:

Հարց. ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգը» գործողությունների հավակնոտ ծրագիր է, որի նպատակն է ավելի լավ ու կայուն ապագա ապահովել հաջորդ տարիների ընթացքում՝ ի շահ միլիոնավոր մարդկանց: Կպատմե՞ք թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատրաստվում իրականացնել ու ընդգրկել այս ուղեցույցն իր քաղաքականությունում:

Էդվարդ Նալբանդյան. Անցյալ տարի մեր կառավարությունը ՄԱԿ-ի հետ փոխգործակցությամբ և ընդգրկուն ու բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հասարակական քննարկումներից հետո մեկնարկեց Հայաստանի առջընթացի եզրափակիչ ազգային զեկույցը Հազարամյակի զարգացման նպատակների վերաբերյալ: Դրա հիման վրա Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվել է ճանապարհային քարտեզ, և, որպես հաջորդ քայլ, Հայաստանը շուտով ունենալու է Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր: Ձևավորման փուլում է Կայուն զարգացման նպատակների հարցերով համակարգող աշխատանքային խումբը, որում ներկայացված կլինեն բազմաթիվ շահագրգիռ կառույցներ, ինչն էլ իր հերթին կապահովի առավել թափանցիկությունը և համընդգրկումը՝ դրանով իսկ բարձրացնելով կայուն զարգացման արդյունավետությունը:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել փոփոխությունների ուղղված 2030 օրակարգի մշակման աշխատանքներում, որն առանձին նպատակ է՝ խթանել խաղաղ ու ընդգրկուն հասարակությունները կայուն զարգացման համար, ապահովել արդարության հասանելիությունը բոլորի համար և կառուցել արդյունավետ, հաշվետու և ընդգրկուն կառույցներ բոլոր մակարդակներում:

Հայաստանը ողջունում է 2030 օրակարգում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար Վիեննայի գործողությունների ծրագրի ներառումը՝ որպես կարևոր քայլ կայուն և ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ: Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և այն մեր քաղաքականության համար առանցքային դարձնելու նպատակով Հայաստանի կառավարությունը վերջերս ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն:

«2030 օրակարգ»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելը վնասակար է կայուն զագացման համար: Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը և ինտեգրումը:

Հարց. Ինչպե՞ս եք տեսնում գալիք 25 տարիներին ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությունը:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հետևողական է իր մոտեցումներում և քաղաքականության մեջ: Անկասկած, մենք շարունակելու ենք հետամուտ լինել մեր նպատակներին: 70 տարի առաջ կանոնադրությունը ՄԱԿ-ը հռչակեց որպես ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ պետությունների գործողությունները ներդաշնակեցնելու կենտրոն: Եթե վերաձևակերպենք, Հայաստանը ապագայում նույնպես ջանք չի խնայի ժողովուրդների ձգտումների իրականացման նպատակով հավաքական աջակցությունն ապահովելու համար՝ ՄԱԿ կանոնադրության սկզբունքներին համահունչ:

Կից լուսանկարներ

Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Regional Post»-ի՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված հատուկ համարում

Ամբողջ ալբոմ »