EnglishFrançaisРусский

Հարցազրույցներ, հոդվածներ և մեկնաբանություններ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

21.02.2017

Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Սահմանադրական ներկա հանրաքվեն նպատակ է հետապնդում ընտրություն կատարել կառավարման այն համակարգի օգտին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առավել համապատասխան է համարում իր կարիքներին։

Ողջունելի է, որ երեք տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավել միջազգային դիտորդների կողմից հանրաքվեն գնահատվել է որպես լավ կազմակերպված, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան։

Հիմնարար ազատությունների կիրառումը համընդհանուր իրավունք է, որը ենթակա չէ սահմանափակման։ Քառորդ դար շարունակ Լեռնային Ղարաբաղում անցկացվում են ժողովրդավարական հասարակությանը բնորոշ գործընթացներ, և Արցախի ժողովուրդն անկասկած վաստակել է իր իրավունքն՝ ապրելու այն նույն համամարդկային արժեքներին համապատասխան, ինչ ազատ ժողովրդավարական աշխարհը։

Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է` չնայած բոլոր դժվարություններին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմամբ, տնտեսական շրջափակմամբ և այլ թշնամական քայլերով։ Պատահական չէ, որ Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ընդունվում են խիստ դժգոհությամբ՝ մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանում։

Կից լուսանկարներ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

Ամբողջ ալբոմ »