EnglishFrançaisРусский

Միջազգային կազմակերպություններ

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում: Միաժամանակ, նախատեսվում է լրացուցիչ համաձայնագրերի կնքում մասնակից պետությունների միջև` հավաքական անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող առանձին հարցերի կարգավորման նպատակով:

1993թ. սեպտեմբերին Պայմանագրին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ. ապրիլի 20-ին 5 տարի ժամկետով: Պայմանագրի երկարաձգման մասին արձանագրությունը 1999թ. ստորագրեցին 6 պետություններ (բացառությամբ Ադրբեջանի, Վրաստանի և Ուզբեկստանի):

2002թ. մայիսի 14-ին հիմնվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Նույն թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրվել են ՀԱՊԿ Կանոնադրությունը: 2004թ. դեկտեմբերի 2-ից Կազմակերպությունն ունի ՄԱԿ ԳԱ դիտորդի կարգավիճակ:

Հայաստանը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է, որն իրագործվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի միջոցով:

ՀԱՊԿ գերագույն մարմին է հանդիսանում Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ), որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից: ՀԱԽ նախագահ է համարվում Կազմակերպությունում նախագահությունն ստանձնած պետության ղեկավարը:

ՀԱՊԿ խորհրդատվական և գործադիր մարմիններ են հանդիսանում` Արտաքին գործերի նախարարների խորհուրդը (ԱԳՆԽ), որն իրականացնում է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգումը, Պաշտպանության նախարարների խորհուրդը (ՊՆԽ), որն ապահովում է անդամ պետությունների համագործակցությունը ռազմական քաղաքականության, ռազմաշինության, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտներում, և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն (ԱԽՔԿ), որն զբաղվում է ազգային անվտանգության ապահովման հարցերով:

Միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀԱՊԿ մարմինների որոշումների իրագործմամբ զբաղվում է Կազմակերպության Մշտական խորհուրդը, որում ներառված են անդամ պետությունների Մշտական և Լիազոր ներկայացուցիչները:

ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմիններն են Քարտուղարությունը և Միացյալ Շտաբը, որը գործում է 2004թ.:

2006թ. նոյեմբերի 16-ին` ԱՊՀ Միջազգային խորհրդարանական վեհաժողովի հիմքի վրա ստեղծվեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը: Համաձայն Կազմակերպության կանոնադրության` 2010թ. դեկտեմբերին ընդունված փոփոխությունների, Խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է ՀԱՊԿ միջխորհրդարանական համագործակցության մարմին:

Իրականացվում է 2006թ. ՀԱՊԿ ՀԱԽ կողմից դրված առաջադրանքը` Կազմակերպությունը անդամ պետությունների անվտանգությանն սպառնացող մարտահրավերների և վտանգների ողջ համալիրին հակազդելու բազմաֆունկցիոնալ կառույցի վերածելու վերաբերյալ: Ընդունվել են Խաղաղապահ ուժերի, Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի, ապօրինի միգրացիայի և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին ՀԱՊԿ ՀԱԽ որոշումներ: Հիմնադրվել և գործում է Աֆղանստանի հարցերով աշխատանքային խումբը: ՀԱՊԿ ԱԽՔԿ կից գործում են ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի, տեղեկատվական քաղաքականության և անվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբեր: ՀԱՊԿ հովանու ներքո ամեն տարի իրականացվում են «ԿԱՆԱԼ» հակաթմրանյութային միջազգային համալիր գործողությունը, «ՆԵԼԵԳԱԼ» ապօրինի միգրացիայի դեմ պայքարի գործողությունն, ինչպես նաև «ՊՐՈՔՍԻ» գործողությունը:

2009թ. հունիսի 14-ին ստորագրվել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հիմնադրման մասին համաձայնագիրը: Պարբերաբար անց են կացվում համատեղ համալիր զորավարժություններ անդամ պետությունների զորակազմերի և օպերատիվ խմբերի մասնակցությամբ:

Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կատարելագործվում են դաշնակիցներին զինատեսակների և հատուկ տեխնիկայի մատակարարումների, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետություններին ռազմատեխնիկական օժանդակության ցուցաբերման մեխանիզմները. կազմակերպվում է ռազմական կադրերի համատեղ պատրաստման գործընթացը: 2006թ. գործում է ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը (ՌՏՀՄՀ):

ՀԱՊԿ բոլոր կանոնադրական մարմիններում նախագահությունը փոխանցվեց Հայաստանին ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան (2015) նստաշրջանի ընթացքում: ՀԱԽ ընդլայնված կազմով նիստի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները:

Կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքներն ամփոփվեցին ՀԱՊԿ երևանյան նստաշրջանի ընթացքում, որը կայացավ 2016թ. հոկտեմբերի 14-ին:

ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել Կազմակերպությունում համագործակցության հետագա ամբողջացման ուղղությամբ: Ելնելով  Հավաքական անվտանգության մասին Պայմանագրով սահմանված դրույթներից` աշխատանքներն ուղղված էին ՀԱՊԿ ներուժի բարձրացմանը: Նստաշրջանի ընթացքում որոշումներ ընդունվեցին ավելի քան երկու տասնյակ հարցերի շուրջ, ընդունվեց «Մինչ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը», ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

Հայաստանը, որպես Կազմակերպությունում նախագահող պետություն, ուշադրության կենտրոնում էր պահում արտաքին քաղաքական համակարգման կատարելագործման և ամրապնդման հարցերը, ինչպես նաև հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների (ներառյալ ՕԱՀՈւ) կառավարման համակարգի հետագա զարգացման հարցերը, օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումների իրականացումը: Ուշադրություն է հատկացվել իրավական բազայի կատարելագործմանը, ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մեխանիզմների և գործնական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը համատեղ հակազդմանը:

Վերոգրյալ հարցերին են նվիրված եղել նաև Հայաստանում կայացած` Կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերը և աշխատանքային մարմինների խորհրդատվությունները: 2016թ. հուլիսի 4-ին ք.Երևանում է անցկացվել ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի միջնստաշրջանային նիստը, իսկ հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ ԱԳՆԽ,ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը:

Արտաքին քաղաքական համակարգման հարցերը ՀԱՊԿ ձևաչափով դիտարկվում են նաև Կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակներում, որոնք անց են կացվում ՄԱԿ ԳԱ և ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ընթացքում: Վերջիններս 2016թ. կայացել են սեպտեմբերի 21-ին ք.Նյու Յորքում և դեկտեմբերի 8-ին ք.Համբուրգում: