EnglishFrançaisРусский

Հավատարմագրերի հանձնման արարողությունը

Հավատարմագրի հանձնումից 15-20 րոպե առաջ դեսպանը, պետարարողակարգի ծառայության ղեկավարի, ԱԳՆ տարածքային վարչության պետի և դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ մեկնում է ՀՀ Նախագահի նստավայր:

Հավատարմագրի հանձնման արարողությունն անցնում է ՀՀ Նախագահի նստավայրի կենտրոնական «Կլոր» դահլիճում: Դեսպանը և նրան ուղեկցող անձինք մտնում են դահլիճ, զբաղեցնում են իրենց տեղերը և սպասում են ՀՀ Նախագահին:

Տեղաբաշխման կարգը հետևյալն է՝

Դեսպանը, ՀՀ պետարարողակարգի ծառայության ղեկավարը /աջից/, ՀՀ ԱԳՆ տարածքային վարչության պետը /ձախից/: Նրանց ետևում երկու շարքով կանգնում են պաշտոնական և ուղեկցող անձինք:

ՀՀ Նախագահը դահլիճ է մտնում ԱԳ նախարարի /աջից/ և թարգմանչի /ձախից/ ուղեկցությամբ, իր ետևից ՀՀ Նախագահի աշխատակազմի պաշտոնական անդամներ: Դեսպանը ողջունում է ՀՀ Նախագահին գլխի խոնարհումով: Պետարարողակարգի ծառայության ղեկավարը դեսպանին ներկայացնում է ՀՀ Նախագահին: Այնուհետև դեսպանը ողջույնի խոսքեր է ասում /2 րոպեից ոչ ավել/, որից հետո ՀՀ Նախագահին է հանձնում իր հավատարմագիրը և իրեն նախորդողի հետկանչագիրը: ՀՀ Նախագահըª ընդունելով հավատարմագիրը, ձեռքի սեղմումով ողջունում է դեսպանին, որից հետո դեսպանը վերադառնում իր նախկին տեղը:

ՀՀ Նախագահը իր հերթին ողջունում է դեսպանին: Արարողության ավարտից հետո հավատարմագրի հանձնման դահլիճում կազմակերպվում է լուսանկարահանում, որից հետո դեսպանը ՀՀ Նախագահին է ներկայացնում իր կնոջը և իրեն ուղեկցող դեսպանության աշխատակիցներին: Այնուհետև ՀՀ Նախագահը հրավիրում է դեսպանին «Կանաչ» դահլիճ՝ զրույցի (20-25 րոպե):

Զրույցի ժամանակ դեսպանին կարող են ուղեկցել դեսպանության աշխատակիցները: Երկու կողմից արարողությանը մասնակցող մյուս պաշտոնական անձինք սպասում են զրույցի ավարտին հավատարմագրի հանձնման արարողության դահլիճում:

Զրույցի ավարտից հետո դեսպանը և իրեն ուղեկցող անձինք մեկնում են դեսպանատուն /հյուրանոց, առանձնատուն/: