EnglishFrançaisРусский

Երկկողմ հարաբերություններ



Թուրքիա

Ընդհանուր տեղեկություններ

1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

1993 թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից:

Այցեր

2008թ. սեպտեմբերի 6 ԹՀ նախագահ Աբդուլահ Գյուլի այց Երեւան` ՀՀ եւ ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով
2009թ. հոկտեմբերի 14 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այց Բուրսա` ՀՀ եւ ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու համար
2013թ դեկտեմբերի 12 Երեւանում կայացած ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել ԹՀ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի գլխավորած պատվիրակությունը
2014թ. օգոստոսի 28 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում մասնակցել է ԹՀ նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը

Ստորագրված փաստաթղթեր

Արձանագրություններ

Առեւտրատնտեսական կապեր

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

  արտահանում ներմուծում (ըստ ծագման երկրի)
2009թ. 1197.5 177648.8
2010թ. 1291.3 210381.2
2011թ. 1049.4 240248.2
2012թ. 927.8 213468.3
2013թ. 1595.6 210702.2
2014թ. 1494.3 232355.4
2015թ. 1344.2 110728.2

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Սննդամթերք, հագուստ, տնտեսական ապրանքներ, քիմիական արդյունաբերության ապրանքներ եւ այլն:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Մորթի, ոսկերչական իրեր, զանազան մետաղական արտադրանք եւ այլն:

 

Թարմացված է առ 01.04.2016թ.