EnglishFrançaisРусский

Հավատարմագրում

ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Սույնով սահմանվում է ԱԳՆ-ում՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների և օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա Հայաստանում գործող ԶԼՄ թղթակիցների տարեկան, ինչպես նաև Հայաստան այցելող օտարերկրյա լրագրողների կարճաժամկետ հավատարմագրման կարգը:

Տարեկան հավատարմագրում

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» դրույթների` ՀՀ ԱԳՆ գործունեության լուսաբանման համար յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին իրականացվում է հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, Հայաստանում օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող ԶԼՄ թղթակիցների տարեկան հավատարմագրում, որի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է առնվազն մեկ ամիս առաջ:

Տարեկան հավատարմագրման ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:

Ստորև ներկայացված հավատարմագրման հայտը պետք է լրացնել առցանց՝ դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • համառոտ ինքնակենսագրություն (.pdf կամ .jpg ձևաչափով, հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից մեկով),
  • անձը հաստատող վավեր փաստաթուղթ` նույնականացման քարտ կամ անձնագիր: Եթե անձնագրի ժամկետը երկարացված է՝ նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (.pdf կամ .jpg ձևաչափով),
  • փաստաթղթային լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով),
  • պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով (.pdf կամ .jpg ձևաչափով, հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից մեկով):

Հավատարմագրման հայտը դիտարկվում է հայտը ստանալու պահից սկսած 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո ԶԼՄ կոնտակտային տվյալներին ուղարկվում է որոշման մասին գրություն: Անհրաժեշտության դեպքում, հայտի դիտարկման ժամկետը կարող է երկարաձգվել, որի մասին լրագրողին կտեղեկացվի հավելյալ: Հայտի հաստատումից հետո ԶԼՄ ներկայացուցչին տրամադրվում է անվանական հավատարմաքարտ, որը հանդիսանալու է ԶԼՄ տվյալ ներկայացուցչի՝ ԱԳՆ մուտք գործելու պաշտոնական փաստաթուղթ:

ԱԳՆ կողմից կազմակերպված միջոցառումները լուսաբանելու հրավիրվելու են բացառապես ԱԳՆ տարեկան հավատարմագրման քարտ ունեցող ԶԼՄ ներկայացուցիչները:


Կարճաժամկետ հավատարամագրում

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող, կարճատև ժամանակահատվածով Հայաստան այցելող օտարերկրյա լրագրողների գործունեությունը Հայաստանում իրականացվում է միայն ԱԳՆ համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում։

Կարճաժամկետ հավատարմագրում անցնելու համար անհրաժեշտ է նկարահանումներ սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ առցանց լրացնել ստորև ներկայացված հավատարմագրման հայտը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • համառոտ ինքնակենսագրություն (.pdf կամ .jpg ձևաչափով, հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից մեկով),
  • անձը հաստատող վավեր փաստաթուղթ` նույնականացման քարտ կամ անձնագիր: Եթե անձնագրի ժամկետը երկարացված է՝ նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (.pdf կամ .jpg ձևաչափով),
  • պաշտոնական լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով),
  • պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով (.pdf կամ .jpg ձևաչափով), որում հստակ պետք է նշված լինեն լրագրողի (լրագրողական խմբի պարագայում՝ խմբի բոլոր անդամների) անուն-ազգանունները, ինչպես նաև նկարահանումների սկիզբը և ավարտը: Ազատ լրագրողները (ֆրիլանսեր) կարող են ներկայացնել իրենց իսկ կողմից ստորագրված նամակ` նույնանման բովադակությամբ:
  • Այցի ծրագիրը, նկարահանումներ կատարելու դեպքում՝ նկարահանումների վայրերը՝ ըստ նախատեսվող օրերի, նկարահանման միջոցը (անօդաչու թռչող համակարգ՝ դրոն (այսուհետ՝ ԱԹՀ), տեսախցիկ և այլն), ինչպես նաև պետական պաշտոնյաների հետ հարցազրույցների նախատեսումը:

Ներմուծվող սարքավորումների տեխնիկական բնութագիրն անհրաժեշտ է ուղարկել press@mfa.am հասցեին՝ վերնագրում նշելով «accreditation_tech_pass»: Այն պետք է ներառի`

  • նկարահանման սարքավորման անվանումը և մոդելը,
  • ֆոտոխցիկի և տեսախցիկի տեխնիկական անձնագրերի պատճենները՝ առանց մաքսատուրքի ներմուծման նպատակով,
  • ԱԹՀ-ի տեխնիկական անձնագրի պատճենը (որում նշված կլինի թռիչքի առավելագույն բարձրությունը, ԱԹՀ-ի վրա ամրացված տեսախցիկի հզորությունը և այլն),
  • ԱԹՀ-ի` Հայաստանում գործող ապահովագրության պատճենը,
  • ԱԹՀ-ով նկարահանումներ իրականացնելու թույլտվության ստացման հայտը:

Օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների կարճաժամկետ հավատարմագրումը կատարվում է Հայաստան մուտքի արտոնագրի ժամկետին համապատասխան:

Եթե լրագրողը հանդիսանում է ՀՀ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող պետության քաղաքացի, ապա հավատարմագրումը կատարվում է լրագրողի կողմից ներկայացված պաշտոնական նամակում նշված ժամկետով, որը, սակայն, չպետք է գերազանցի 3 (երեք) ամիսը:

Անհրաժեշտության դեպքում, համապատասխան վիզայի առկայության պարագայում, ԱԳՆ հասցեագրված գրավոր դիմումի հիման վրա կարող է դիտարկվել հավատարմագրման ժամկետի երկարաձգման հնարավորությունը:

Հավատարմագրման հայտը բավարարելու կամ մերժելու մասին տեղեկությունը տրամադրվում է հայտը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել, որի մասին լրագրողին կտեղեկացվի հավելյալ:

 

Հավատարմագրման մերժման և դադարեցման հիմքերը.

ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հայտերը կարող են մերժվել հետևյալ հիմքերով՝

  • դիմումը ներկայացնելու համար նախատեսված ժամկետները չպահպանելը,
  • անձնական ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելը,
  • դիմում ներկայացնելու համար պարտադիր փաստաթղթերի ոչ լիարժեք և/կամ ոչ ճշգրիտ ներկայացնելը և անգամ ԱԳՆ ներկայացուցչի կողմից դրանք լրացուցիչ հայցելուց հետո դրանց չշտկելը,
  • անհրաժեշտության դեպքում ՀՀ մուտքի արտոնագիր դիմումի չներկայացնելը կամ դրա մերժելը:

Համաձայն ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի՝ ԱԳՆ-ն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

  • Նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով,
  • Դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,
  • Նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով,
  • Հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը,
  • Դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և/կամ դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը,
  • Լրագրողը խախտել է ԱԳՆ կամ պետական այլ կառույցում ներքին կանոնակարգի՝ իրեն նախապես ներկայացված դրույթները,
  • Խախտել է ՀՀ տարածքում նկարահանումների համար գործող իրավական սահմանափակումները:

 

 

արական     իգական

սերիա, համար

տրված է

վավերական է


(Անվանումը, հասցեն, հեռախոսի, ֆաքսի համարները, էլ. փոստ)



CAPTCHA image